14/02/2019 11:55
Մակեդոնիայում երկօրյա սուգ է հայտարարված ավտոբուսի վթարից զոհվածների հիշատակին
Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում երկու օր՝ փետրվարի 14-ը և 15-ը, սգո օրեր են հայտարարված ավտոբուսի վթարի կապակցությամբ, որի հետևանքով, վերջին տվյալով՝ մահացել է 14 մարդ: Որոշումն ընդունվել է չորեքշաբթի երեկոյան երկրի կառավարության արտակարգ նիստի ընթացքում:
Առկա տեղեկատվությամբ՝ ավտոբուսն ընթացել է Սկոպիե - Տետովո մայրուղով, անսպասելիորեն դուրս է եկել հանդիպական գոտի, ինչից հետո ընկել է ցածրավայրը Լասկարցի գյուղի շրջանում: Ավտոբուսի վարորդը կայուն վիճակում գտնվում է Սկոպիեի սեպտեմբերի 8-ի անվան կլինիկայում:
Ավտոբուսում եղել է 50 հոգի: Պատահարի հետևանքով տուժել է 32 մարդ, որոնցից երեքն օրհասական վիճակում են, 14 մարդ մահացել է: Առկա տվյալով՝ բոլոր զոհվածները Մակեդոնիայի Գոստիվար քաղաքի բնակիչներ են: