14/02/2019 12:51
96 տարեկանում մահացել է ԱՄՆ նախագահի բազմամյա թեկնածուն
Միացյալ Նահանգներում 96 տարեկանում մահացել է ամերիկացի քաղաքական գործիչ Լինդոն Լարուշ կրտսերը, որը 1976-ից 2004 թվականներն ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր ընտրությանն առաջադրվել է երկրի նախագահի պաշտոնում:
Նշվում է, որ տարբեր տարիների նա ԱՄՆ ղեկավարի պաշտոնին իր թեկնածությունն առաջադրել է տարբեր քաղաքական ուժերի կողմից: Մասնավորապես՝ փորձել է երկիրը ղեկավարել՝ ներկայացնելով Լեյբորիստական կուսակցությունը և Դեմոկրատական կուսակցությունը: Նա փորձել է երկրի նախագահ դառնալ նաև որպես անկախ թեկնածու:
Լարուշ կրտսերն այնքան էր ձգտում պետության ղեկավարմանը, որ 1992 թվականին նրա առաջադրմանը չխանգարեց նույնիսկ բանտարկությունը: Նա իր նախընտրական արշավն անցկացրել էր բանտախցից:
Նշվում է, որ նա տարբեր դավադրությունների տեսությունների կողմնակից էր, մասնավորապես՝ Արժույթի միջազգային հիմնադրամին մեղադրում էր զանգվածային սպանությունների համար, իսկ Մեծ Բրիտանիայի թագուհուն՝ թմրանյութերի առևտրի: