15/02/2019 13:46
Կրճատված բոլոր աշխատակիցների տվյալները կգույքագրվեն. նրանք կտեղեկացվեն առկա թափուր աշխատատեղերի մասին. Աղաջանյան
Մհեր Գրիգորյանի գրասենյակը զբաղվում է օպտիմալացվող նախարարությունների ուսումնասիրությամբ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
«Գործընթացի արդյունքում կհասկանանք, թե քանի հոգի կկրճատվի և քանի հոգի մի տեղից մյուսը կտեղափոխվի: Կարևորագույն բանն այս պահին ֆունկցիոնալ կրկնությունը բացառելն է, որի արդյունքում ընդհանուր պետական համակարգը ավելի լավ կաշխատի», - ասաց նա:
Աղաջանյանն ընդգծեց, որ կրճատված բոլոր աշխատակիցների տվյալները կգույքագրվեն և նրանք կտեղեկացվեն ՀՀ-ում առկա թափուր աշխատատեղերի վերաբերյալ: Այս քայլերը, Աղաջանյանի որակմամբ, ուղղված են գործազրկության հարցը լուծելուն:
«Սա մեկ օրվա լուծվելու հարց չէ, իհարկե, բայց մենք այդ ուղղությամբ աշխատում ենք», - ասաց նա: