15/02/2019 12:44
Աջ ղեկով ավտոմեքենաները ՀՀ տարածք մինչև ապրիլի 1-ը ներմուծելու հարցը հանվեց կառավարության օրակարգից. պայմանավորվածություն է խախտվել
ՀՀ կառավարության այսօրվա նիստում քննարկվեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Նախագիծը ներկայացնող ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ասաց, որ ՀՀ պետական կառավարման շահագրգիռ մարմինների և «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների հետ շարունակվող քննարկումների արդյունքում մշակվել է «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
«Նախագծի ընդունման դեպքում հնարավորություն կընձեռնվի ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, ինչպես նաև այն աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, որոնց ձեռք բերման համար վճարումները կատարվել են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը, ՀՀ տարածք ներմուծել մինչև 2019 թվականի ապրիլի 1-ը», - ասաց նա։
Հակոբ Արշակյանը նշեց, որ եկել են տեղային լուծման, քանի որ հստակ չգիտեին, թե որքան տնտեսվարող սուբեյկտների է վերաբերում և ներկայումս ստացվեց, որ խոսքը 830 մեքենայի մասին է:
Վարչապետը նշեց, որ Այրումում պայմանավորվածությունը հետևյալն է եղել նախաձեռնղ խմբի կողմից, որ խոսքը այն մեքենաներին պետք է վերաբերի, որոնք այն օրվա դրությամբ գտնվել են մաքսային գոտում:
Հակոբ Արշակյանը նշեց՝ քանի որ չափելիությունը հստակ չեն կարող իրականացնել, այդ պատճառով գնման ժամկետի վերաբերյալ կարող են սահմանափակում իրականացնել, ինչի հետ վարչապետը չհամաձայնեց:
«Հիմա լղոզված ձևակերպումներով տալով՝ մենք հարցը ոչ թե լուծում ենք, այլ հակառակը: Եղել է պայմանավորվություն, որ VIN կոդերով գնված մեքենաների հարցը լուծում ենք և այդ հարցերին չենք անդրադառնալու: Ես համաձայն չեմ, որ մի բան պայմանավորվենք և այլ բան իրականացնենք։ Խոսքը այն մեքենաներին պետք է վերաբերի, որոնք գտնվում են մաքսայինում», - ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ բանակցությունները եղել է նախընտրական քարոզարշավի շրջանակներում ու կան ձայնագրություններ:
Հակոբ Արշակյանը նշեց, որ կվերամշակեն նախագիծը և կստացվի, որ 442 մեքենայի մասին է:
Այսպիսով լրամշակելու համար հարցը հանվեց օրակարգից։ Վարչապետը նշեց, որ եթե այսպես շարունակվի, ապա աջակողմյան մեքենաները կգերազանցեն ձախակողմյան մեքենաների քանակին և ստիպված կլինեն երթևեկության կանոնների ամբողջ համակարգը փոխել, որը միլիարդների ծախս կլինի բյուջեի համար: