15/02/2019 16:45
ՆԱՏՕ ԽՎ-ում իր գլխավորությամբ հայկական պատվիրակությունն ակտիվ է լինելու. Անդրանիկ Քոչարյանը վստահեցրել է ՆԱՏՕ-ի ներկայացուցչին
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը փետրվարի 15-ին ընդունել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ռոզարիա Պուգլիսի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից:
Զրուցակիցները, ըստ աղբյուրի, քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող հարցեր՝ վերահաստատելով երկկողմ պատրաստակամությունը նոր ծրագրերի իրագործման հարցում:
Անդրանիկ Քոչարյանը բարձր է գնահատել ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսության մակարդակը և կարևորել խորհրդարանական ձևաչափով Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակում ընդգրկված միջոցառումների իրականացումը: Գործընկերային հարաբերությունների շրջանակում հանձնաժողովի նախագահն առանձնացրել է մասնավորապես միջազգային խաղաղապահ առաքելություններին ՀՀ մասնակցությունը:
Նա վստահեցրել է, որ ՆԱՏՕ ԽՎ-ում իր գլխավորությամբ հայկական պատվիրակությունն ակտիվ է լինելու, խոսել է Ռոուզ-Ռոթ սեմինարին պատվիրակության մասնակցության վերաբերյալ:
Ռոզարիա Պուգլիսը կարևորել է Հայաստանի հետ փոխշահավետ համագործակցությունը՝ փաստելով, որ խորհրդարանն իրենց ամենակարևոր գործընկերներից է: Նա անդրադարձել է Հայաստանի զինված ուժերում բարեվարքության ամրապնդման ծրագրերին և դրան առնչվող խնդիրներին:
Զրուցակիցները կարևորել են ՀՀ զինված ուժերում բարեվարքության ամրապնդումն ու կոռուպցիայի դեմ պայքարը, անդրադարձել մարտի 11-ից 18-ը Երևանում անցկացվելիք ՆԱՏՕ-ի շաբաթվա ծրագրի շրջանակում խորհրդարանում նախատեսված միջոցառումներին: