15/02/2019 18:23
ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է. Ռուբեն Ռուբինյան
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 15-ին ընդունել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գծով գրասենյակի ղեկավար Ռոզարիա Պուլյիզիին, տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, հանձնաժողովի նախագահը նշել է, որ ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է, և որ Հայաստանը շարունակելու է ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը գոյություն ունեցող ձևաչափերում:
Այս համատեքստում կողմերը քննարկել են խորհրդարանական դիվանագիտության դերը ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում, ինչի առնչությամբ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը պատրաստակամ է իր գործուն ներդրումն ունենալ ՆԱՏՕ-ի հետ խորհրդարանական փոխգործակցության օրակարգերն ակտիվ և արդյունավետ իրականացնելու համար:
Կողմերը քննարկել են նաև Հայաստանում ժողովրդավարության զարգացմանն ու բարեփոխումներին ուղղված գործընթացները, ինչի կապակցությամբ Ռոզարիա Պուլյիզին նշել է, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն, անշուշտ, իրենց դրական ազդեցությունը կունենան նաև տարածաշրջանի վրա:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Այս կապակցությամբ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ ղարաբաղյան հակամարտությունը պարզապես տարածքային խնդիր չէ, այն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հարցն է:
Կողմերը քննարկել են նաև հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ռազմատենչ հռետորաբանության բացառման կարևորությունը՝ որպես խնդրի լուծման հանձնառության կառուցողական քայլի:
Ռուբեն Ռուբինյանն ու Ռոզարիա Պուլյիզին պատրաստակամություն են հայտնել ավելի սերտ փոխգործակցության շուրջ՝ ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության օրակարգում խորհրդարանին վերապահված դերակատարումն առավելագույն արդյունավետ իրացման համար: