15/02/2019 13:23
Սուտ լուրերը մեծ ավեր են գործում մարդկանց հոգիներում. Վահրամ Քահանա Մելիքյան
Այսօր կրկին ականատեսն ենք լրագրության` հիմնված բամբասանքների ու հերյուրանքների վրա, ֆեյսբուքյան իր էջում գրում է մայր աթոռի խոսնակ Վահրամ Քահանա Մելիքյանը՝ անդրադառնալով այսօր մամուլում եղած այն հրապարակմանը, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը թողնելու է աթոռը։
«Տեղեկատվության աղբյուրները չբացահայտելու կանոնը միտված է դարձնել ԶԼՄ-ներին ավելի ուժեղ ու օժանդակել բազմակարծության վրա հիմնված հասարակության հարատևմանը։ Ցավալի է տեսնել, ինչպես այսօր որոշ անհատներ, շահարկելով այս հանգամանքը, թաքնվում են այս իրավունքների ետևում ու համառորեն շարունակում իրենց խառնակիչ գործունեությունը։
Ազգային արժեքների, մշակույթի, Հայ Եկեղեցու ու նրա հոգևորականության վրա հարձակումների տարափը պետք է առավել միավորեն մեր հասարակությանը ու բարեպաշտ ժողովրդին` չտրվելու գայթակղությանը, ավելին` մերժելու կեղծիքը ու սուտը: Սուտ լուրերը մեծ ավեր են գործում մարդկանց հոգիներում», - գրել է նա։