15/02/2019 11:47
Նախորդ տարիների ընտրություններում արդյունքները վիճարկելը ընտրական մշակույթի բաղկացուցիչ է եղել. Տիգրան Մուկուչյան
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի կարծիքով՝ նախորդ տարիներին տեղի ունեցած ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելը «ընտրական մշակույթի մի բաղկացուցիչ» է եղել:
«Մենք ունեցել ենք դեպքեր, երբ սահմանադրական վիճարկման փուլում ոչ միշտ է, որ եղել է պատշաճ ապացուցողական բազա: Մի տեսակ մեզ մոտ ընդհանուր ընդունված, կարծես թե, տրամադրության արտահայտման ձև էր դարձել սահմանադրական կարգով ընտրությունների արդյունքների վիճարկումը, ընտրական մշակույթի բաղկացուցիչ», - այսօր Ազգային ժողովի պետական-իրավական հանձնաժողովի արտահերթ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Մուկուչյանը:
2018-ի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ի տարբերություն նախորդ ընտրությունների, չվիճարկվեցին, ինչը, ըստ Մուկուչյանի, «ընտրական գործընթացի նկատմամբ բարձր վստահության մասին է խոսում»:
«Երբ ընտրական գործընթացը ու հատկապես դրա արդյունքները խնդիր չեն հարուցում ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի մոտ և նրանք ընդունում են այդ արդյունքները, ապա հենց դա էլ հանգեցնում է, որ Սահմանադրական կարգով արդյունքները չվիճարկեն: Դա կարևորագույն մշակույթ էր, որը ձևավորվեց այս ընտրություններով», - հավելեց Մուկուչյանը: