15/02/2019 13:13
Հայտնի շրջանակների լրատվամիջոցները հեսա մեծ փոթորիկներ են ստեղծելու դաշտում՝ հերթական թանկացումը, все пропало, клиент уезжает, гипс снимают. Փաշինյան
Կառավարության ասյօրվա նիստում քննարկվեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին որոշման նախագիծը։
«Խոսքը վերաբերում է մի քանի հարյուր հազար շահառուի իրավունքների հետ կապված հնարավոր ռիսկերը կանխարգելելուն, տվյալ դեպքում, ավտոգազալցակայաններում գազի վաճառքի համար սահմանված պահանջին, ըստ որի՝ պետք է վաճառքը կազմակերպվի քաշով, ու հարկման նպատակով ակցիզային հարկի պարտավորոթյունը հաշվարկելու համար սահմանված ծավալով հաշվարկելու ներդաշնակեցումն է», - ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
Նա նշեց, որ գազը պետք է վաճառվի քաշով, իսկ ակցիզային հարկը պետք է հաշվարկվի ծավալով։
«Այս փոփոխությամբ, այն ռիսկը, որ այսօր կարող է խտության որոշակի գործակից կիրառելով` սպառողին հասցվող գազի ծավալը տարբերվել այն քաշից, որը ենթադրվում է, որ պետք է հասներ սպառողին, կդադարի գոյություն ունենալ», - ասաց նա։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, թե բազմաթիվ բողոքներ են ստանում մարդկանցից, որ տարբեր գազալցակայաններում գազի ծավալների հետ կապված կան տարբերություններ։
«Որպեսզի այս խնդիրը մենք լուծենք, ասում ենք, որ պետք է կիլոգրամով վաճառվի գազը սպառողին ու կգ-ով պետք է հարաբերությունները կարգավորվի հարկային դաշտոմ», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա ընդգծեց, թե գազի նկատմամբ ակցիզային հարկի ավելացում չկա։
«Հիմա հարց՝ կարող է արդյոք այս փոփոխությունը բերել սպառվող գազի գնի ավելացման։ Եթե բերի սպառվող գազի գնի ավելացման, սրանով գազալցակայանները հայտարարում են, որ իրենք մինչև այս բոլոր սպառողներն խաբել են», - ասաց նա։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ եթե, այնուամենայնիվ, գազի գինը բարձրանա, սպառողը դրանից չի տուժում։
«Որովհետև հիմա ինքը վճարելով X գումար՝ կստանա այնքան գազ, ինչքան ինքը ենթադրում է, որ պիտի ստանա, մինչդեռ, նախկինում, ինքը X գումար վճարելով՝ ենթադրում էր, որ պիտի ստանար X քանակությամբ գազ, բայց ստանում էր X-Y քանակությամբ գազ», - ասաց ՀՀ վարչապետը։
«Ես ինչի համար եմ սա ասում, որովհետև համոզված եմ, որ ձեզ հայտնի շրջանակների լրատվամիջոցները հեսա մեծ փոթորիկներ են ստեղծելու դաշտում՝ հերթական թանկացումը, կառավարությունը էս արեց, էն արեց, все пропало, клиент уезжает, гипс снимают ու այս կարգի այլ բաներ», - ասաց ՀՀ վարչապետը։