15/02/2019 14:18
Նման բան չկա, հերյուրանք է. Քաղսիի նախկին համայնքապետը՝ Սասուն Միքայելյանի կողմից ճնշումների մասին
Կոտայքի մարզի Քաղսի համայնքի նախկին ղեկավար Սեդրակ Դավթյանը հերքում է մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե փետրվարի 17-ին կայանալիք ՏԻՄ արտահերթ ընտրություններից առաջ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանն իր և մյուս թեկնածուների վրա ճնշումներ է բանեցնում՝ այդ պաշտոնում առաջ մղելով իր թեկնածուին՝ 26-ամյա Ռաֆայել Գրիգորյանին։
«Նման բան չկա, հերյուրանք է։ Ես ի՞նչ գիտեմ՝ ինչու են գրում։ Հազար մարդ հազար բան է գրում, ազատություն է՝ բոլորն ինչ կարծիք ունենում են, գրում են։ Ով գրել է, նրան զանգահարում եմ՝ չի պատասխանում, որ տեսնեմ՝ ինչու է նման բան գրել», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Սեդրակ Դավթյանը։
Հարցին՝ ի՞նչ հարաբերությունների մեջ է Սասուն Միքայելյանի հետ, Քաղսիի նախկին համայնքապետը նշեց՝ նախկինում ընկերներ են եղել, նորմալ հարաբերությունն են ունեցել։
Սեդրակ Դավթյանից նաև հետաքրքրվեցինք՝ մյուս 3 թեկնածուների հետ ընտրապայքարում ինչպե՞ս է գնահատում իր հնարավորություններրը։ Նա նախ վստահություն հայտնեց, որ համայնքապետ ինքն է ընտրվելու, այնուհետ հավելեց՝ ժողովուրդն է ընտրողը։
Զրուցեցինք նաև Քաղսիի գործող համայնքապետ Սահակ Ալեքսանյանի հետ, ով տեղեկացրեց, որ ՏՒՄ արտահերթ ընտրություններում այս անգամ չի առաջադրվել։ Նա միաժամանակ շեշտեց, որ Սասուն Միքայելյանն իրենց համայնքում հարգված-սիրված անձնավորություն է և որևէ մեկի վրա ճնշումներ չի գործադրում։
Անձամբ Սասուն Միքայելյանի հետ չհաջողվեց խոսել։ Նրա հեռախոսահամարն անհասանելի էր։