15/02/2019 18:30
Եղեք ազատ, եղեք քննադատող, եղեք ամուր. Արայիկ Հարությունյանը՝ ուսանողներին
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր տեղի է ունեցել «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը, որին մասնակցել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։
ԿԳՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, Հարությունյանը նշեց, որ նման արարողությունները հերթական անգամ առիթ են հանդիսանում ուսանողներին խրախուսելու, ուստի է՛լ ավելի պետք է մեծացվի դրանց դերն ու նշանակությունը։
Ըստ աղբյուրի՝ շնորհավորելով ուսանողներին Արայիկ Հարությունյանը նրանց մաղթել է լինել ազատ և քննադատող. «Օգտագործեք նոր Հայաստանում գոյություն ունեցող նոր գործիքները, եղեք ազատ, եղեք քննադատող, եղեք ամուր, և մենք կկարողանանք կերտել այն Հայաստանը, որը հռչակել ենք անցյալ տարի, կկարողանանք կերտել այն Հայաստանը, որին ձգտում ենք բոլորս»։
Նախարարը խոսելով ուսխորհուրդների մասին, ասել է, որ նախատեսվում է մեծացնել դրանց դերը:
«Ուսանողական խորհուրդների դերը պետք է մեծանա, բայց պոզիտիվ առումով և ոչ թե այնպես, ինչպես եղել է նախկինում և այնպես, ինչպես պահպանվում է որոշ բուհերում։ Մենք այժմ Բարձրագույն կրթության մասին նոր օրենքի նախագծով այդ կարգավորումները իրականացնում ենք, չենք սպասելու օրենքի ընդունմանը, ներկայումս քննարկվում է ուսանողական խորհուրդների ձևավորման նոր կարգը, որը կստորագրվի և կներկայացնենք բուհերին՝ առաջարկելով այսուհետ այդ կարգով իրականացնել ուսխորհուրդների ձևավորում։ Այդ կարգի տակ դրվելու են գերժամանակակից մեթոդներ, որով յուրաքանչյուր ուսանող իր ձայնով կարողանա այդ խորհուրդը ձևավորել։ Կարծում եմ՝ սրանով ևս մեկ վատ, արատավոր էջ կփակենք և լուրջ առաջընթաց կունենանք», - իր ելույթում նշել է նախարար Հարությունյանը: