16/02/2019 12:03
ՀԴՄ-ները ձեռք են բերվել ՀՀ պետբյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից հատկացված միջոցների հաշվին. ՊԵԿ արձագանքը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շուրջ 10 օր առաջ տեղեկացրել էր, թե հաշվի առնելով քաղաքացիների բողոքներն ու առաջարկները՝ ՊԵԿ նախագահը որոշում կկայացնի նոր սերնդի ՀԴՄ-ները 160 հազար դրամի փոխարեն 60 հազար դրամով տրամադրել այն սուբյեկտներին, որոնց համար օրենքի ուժով նման ՀԴՄ-ներ ունենալը պարտադիր է դարձել ս/թ հունվարի 1-ից:
«Ովքեր արդեն 160 հազար դրամով ձեռք են բերել նոր սերնդի ՀԴՄ-ներ, կհրավիրվեն ՊԵԿ և նրանց հետ վերահաշվարկ կիրականացվի», - տեղեկացրել էր վարչապետը։
Aysor.am-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացրել են, որ ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանի համաձայն՝ այն կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար, որոնք Հայաստանի Հանրապետույթան հարկային օրենսգրքի 457-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան հսկիչ դրամարկղային մեքենաներ պետք է կիրառեն 2019 թվականի հունվարի 1-ից, հսկիչ դրամարկղային մեքենայի (մեկ հատի) գինը սահմանվել է 60 000 դրամ։
Մյուս հարցին, թե գումարի տարբերությունն ինչ միջոցներով է սուբսիդավորվելու, ՊԵԿ-ից պատասխանել են.
«Ինչ վերաբերում է ՀԴՄ-ների գների տարբերության սուբսիդավորմանը, ապա հարկ ենք համարում նշել, որ ՀԴՄ-ները ձեռք են բերվել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացված միջոցների հաշվին, իսկ ՀԴՄ-ների իրացումից ստացված գումարները ենթակա են մուտքագրման ՀՀ պետական բյուջե։
Միաժամանակ հայտնում ենք, որ 2019 թվականի պետական բյուջեով ՀԴՄ-ների գների սուբսիդավորման մասով համապատասխան ծախսային հոդվածներ նախատեսված չեն»։