16/02/2019 00:18
Փոխվարչապետի գրասենյակը օպերատիվ տեղեկատվություն կտրամադրի Ալավերդու պղնձնաձուլարանի աշխատակիցներին
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր ընդունել է Ալավերդու պղնձնաձուլարանի աշխատակիցների պատվիրակությանը, որոնք խնդրել են ներկայացնել գործարանի հետ կապված վերջին զարգացումները և հետագա ճակատագրի շուրջ կառավարության մոտեցումները:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ասել է, որ Ալավերդու պղնձաձուլարանի հարցը կառավարության համար առաջնահերթություն է: Նա հավելել է, որ կառավարությունը շահագրգռված է հարցի շուտափույթ լուծմամբ և աշխատատեղերի պահպանմամբ:
Այժմ ընթանում են բանակցություններ ռուսական «ՎՏԲ» բանկի և «ԷյՍիՓի» ընկերության միջև՝ պղնձաձուլարանի հետագա գործունեության վերաբերյալ: Կառավարությունը միջնորդ է հանդիսանում այդ բանակցություններում, փոխվստահության մթնոլորտ է ստեղծում և առավելագույն ջանք է ներդնում՝ կողմերի դիրքորոշումները իրար մոտեցնելու համար:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ գործարանի աշխատակիցներն անմիջական կապ կպահպանեն փոխվարչապետի գրասենյակի հետ՝ վերջին զարգացումների վերաբերյալ օպերատիվ տեղեկատվություն ստանալու համար:
Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ Ալավերդու պղնձաձուլարանի աշխատողներն այսօր դարձյալ փակել են Երևան – Թբիլիսի երկաթգիծը` պահանջելով հանդիպում վարչապետի կամ փոխվարչապետի հետ: Երկու օր առաջ նույն իրավիճակն էր, սակայն բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպեցին Լոռու մարզպետն ու մարզի Ոստիկանապետը, պայմանավորվեցին՝ երկաթգիծը բացել և հարցը քննարկել փետրվարի 15-ին կայանալիք հանդիպմանը: Դրան պետք է ներկա լինեին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՎՏԲ բանկի ներկայացուցիչը, ACP ընկերության սեփականատերն ու գործազուրկ դարձող ալավերդցիները: