16/02/2019 16:17
Նախագահ Արմեն Սարգսյանը չունի որևէ հետաքրքրություն քաղաքական դաշտում և չի համագործակցում որևէ կուսակցության հետ
Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտարարություն է տարածել, հերքելով լրատվամիջոցներից մեկի տեղեկատվություն, թե նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի քաղաքական դաշտում իր հետաքրքրություններն ունի և համագործակցում է կուսակցություններից մեկի հետ:
«Նախագահ Արմեն Սարգսյանը կուսակցական չէ, չունի որևէ հետաքրքրություն քաղաքական դաշտում և չի համագործակցում որևէ կուսակցության հետ:
Նախագահն իր լիազորությունների շրջանակում, անհրաժեշտության դեպքում, հանդիպում և շարունակելու է հանդիպել խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ:
Մասնավորապես անցյալ տարվա հոկտեմբերին նախագահ Սարգսյանը նախաձեռնել և անցկացրել էր խորհրդակցությունների շարք Ազգային ժողովի խմբակցությունների հետ, իսկ վերջերս հանդիպել էր ՀՅԴ նորընտիր Բյուրոյի ներկայացուցիչների հետ: Այդ և նմանատիպ հանդիպումների մասին տրվել է և կտրվի համապատասխան տեղեկատվություն:
Հորդորում ենք մեր գործընկերներին՝ զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելու հետևողական գործողություններից», - ասված է հայտարարության մեջ։