18/02/2019 15:17
Զարմանալու բան չկա. ուրցաձորցիների ընտրությամբ ամեն ինչ ասված է. նորընտիր համայնքապետ
Գնահատականն արդեն ստացել եմ, ուրցաձորցիների ընտրությամբ ամեն ինչ ասված է, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ուրցաձորի նորընտիր համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը, ով ընդամենն ամիսներ առաջ համագյուղացիների բողոքի ցույցերից հետո համայնքապետի պաշտոնից հրաժարական էր ներկայացրել։
Համայնքի բնակիչները, հիշեցնենք, Անդրեասյանին մեղադրում էին կոռուպցիայի, չարաշահումների մեջ և նոր ընտրություններ էին պահանջում։ Վերջինս չէր ընդունում իր հասցեին ուղղված մեղադրանքները՝ դրանք որակելով որպես զրպարտություն։
Հարցին՝ իր կարծիքով ինչպե՞ս ստացվեց, որ դեռ 2018-ի հոկտեմբերին իր հրաժարականը պահանջող ուրցաձորցիները կրկին իրեն ընտրեցին, Ռաֆիկ Անդրեասյանը պատասխանեց.
«Պարզ չի՞ բոլորին։ Ով տրամաբանություն չունի, նրան հարցրեք։ Զարմանալու բան չկա, ստերը պարզվեցին՝ ես էի սուտ, թե իրենք։ Մարդ կար, որ ներկայանում էր որպես համայնքի շահերը առաջ տանող։ Որևէ մեկ անգամ թող հանդես գար, ասեր՝ գյուղում այսինչ բանն ենք ուզում անենք, քննարկեինք։ Բայց չկար որևէ առաջարկ, որևէ հանրային քննարկման իրենք չեն մասնակցել։ Իրենց հետաքրքրել է միայն աթոռը ու վերջ։ Գյուղացիները տեսել են ոչ միայն իմ ազնիվ մղումները, այլև կատարածք աշխատանքները և ընտրությամբ ապացուցել են, որ արվածն իրենց համար է, ոչ՝ Ռաֆիկ Անդրեասյանի», - ասաց մեր զրուցակիցը՝ միաժամանակ հավելելով, որ եթե չկանխատեսեր իր հաղթանակը, թեկնածությունը չէր առաջադրի։
Նորընտիր համայնքապետը նշեց, որ առաջիկա գործունեությունը շատ հստակ է պատկերացնում, չի կարծում, որ իր աշխատանքի ընթացքում դժվարություններ կծագեն։
«Մենք միշտ լավագույն համայնքի օրինակ ենք եղել։ 2017 թվականին, որպես խոշորացված համայնք, լավագույն մրցանակը մենք ենք ստացել։ Հիմա էլ իրականություն ենք դարձնելու երկու տարի առաջ մշակած ռազմավարական պլանը։ Պատրաստ եմ աշխատել բոլորի հետ», - ասաց Ռաֆիկ Անդրեասյանը։
Հետաքրքրվեցինք՝ շարունակում է անկուսակցակա՞ն մնալ։ Նորընտիր համայնքապետը դրական պատասխան տվեց՝ ավելացնելով, որ այսուհետ ևս չի պատրաստվում որևէ կուսակցության անդամակցել։
Հիշեցնենք, որ Արարատի մարզի Ուրցաձոր խոշորացված համայնքի 3 գյուղերի մի խումբ բնակիչներ տևական ժամանակ բողոքի ակցիաներ էին իրականացնում գյուղապետարանի մոտ՝ պահանջելով Ռաֆիկ Անդրեասյանի հրաժարականը: Հոկտեմբերի 10-ին վերջինս հրաժարական էր ներկայացրել։
Անդրեասյանին հրաժարական տալու կոչ էր արել նաև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: