18/02/2019 12:44
ԲՀԿ-ում հանրաքվե անցկացնելու թեմայով քննարկումներ չեն եղել. Նաիրա Զոհրաբյանը՝ ՀԱԿ-ի առաջարկի մասին
«Բարագավաճ Հայաստան» կուսակցությունում հանրաքվե անցկացնելու թեմայով քննարկումներ չեն եղել, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նույնանուն խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ՀԱԿ-ի հայտարարությանը, ուր քաղաքական այդ ուժն առաջարկում է մեկ տարվա ընթացքում Սահմանադրական հանրաքվե իրականացնել` վերադառնալով կիսանախագահական կառավարման համակարգին։
«Նման հարց «Բարգավաճ Հայաստանը» չի քննարկել, և ես պատրաստ չեմ այս հարցին պատասխանել։ Չէի ցանկանա անձնական կարծիքս հրապարակել, որովհետև դա բավականին լուրջ խնդիր է մասնավոր կարծիք հրապարակելու համար», - ասաց պատգամավորը։
Իսկ թեմայի շուրջ կուսակցությունում քննարկում նախատեսվո՞ւմ է, հետաքրքրվեցինք խորհրդարանականից։ Վերջինս պատասխանեց, որ չի կարող ասել։
Ինչ վերաբերում է Հայ ազգային կոնգրեսի տարածած հայտարարության մյուս դրույթին՝ արմատապես փոխել Ընտրական օրենսգիրքը՝ անցում կատարելով, մասնավորապես, 100 տոկոս համամասնական ընտրակարգի, Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ ինքը մոտ երեք շաբաթ առաջ շրջանառության մեջ է դրել Ընտրական օրենսգրքում փոփոխության նախագիծ, որով առաջարկում է հանել տարածքային ընտրացուցակները և անցնել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի։
Հիշեցնենք, որ տարածած հայտարարության մեջ, ի թիվս վերոնշյալ կետերի, ՀԱԿ-ը նաև շեշտել է՝ առաջիկա տարիները պետք է դառնան մի կողմից փաստացի դեռևս գոյություն ունեցող արատավոր համակարգի ապամոնտաժման և Սահմանադրական կարգի վերականգնման, մյուս կողմից` ապագա զարգացող, ժողովրդավարական, միջազգային հարաբերություններում ամուր մրցակցային դիրքեր ունեցող Հայաստանի հիմքերի ստեղծման տարիներ: