18/02/2019 11:24
Սաակաշվիլին ԴՆԹ թեստ է հանձնել և հայտարարել, որ հայ չէ
Վրաստանի նախկին նախագահ Միխաեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Միացյալ Նահանգներում ԴՆԹ թեստ է հանձնել: Քաղաքական գործիչը հայտարարել է, որ ինքը «գրեթե 99 տոկոսով վրացի է», հայտնում է «Новости-Грузия»-ն:
«Պարզել եմ, որ մոտ 99 տոկոսով վրացի եմ, իսկ 1 տոկոսով հույն: Այս թեստը հստակ որոշում է նախնիներիդ ծագումը` առնվազն վերջին հազարամյակում: Չի հայտնաբերվել որևէ կապ տարածաշրջանի այլ ազգերի հետ Այդ ուսումնասիրությանը համապատասխան՝ Իրանը և Թուրքիան կապված են Վրաստանի հետ, քանի որ այդ երկրներում պատմականորեն վրացիները շատ են: Պարզվել է, որ դարեր շարունակ իմ նախնիներն ընդհանրապես չեն խառնել վրացական արյունը որևէ մեկի հետ, և ես առաջինն եմ եղել, ով խախտել է այդ ավանդույթը՝ ամուսնանալով եվրոպացու հետ», - գրել է Մ. Սաակաշվիլին Facebook-ում:
Նա նաև նշել է, որ «հարգում է բոլոր հարևաններին, և, իհարկե, սիրում Վրաստանի հայրենասերներին, որոնք ներկայացնում են բոլոր էթնիկ խմբերը»:
Նա կոչ է արել այժմ այս թեստը հանձնել բոլոր նրանց, ովքեր մշտապես իրեն այլ էթնիկ պատկանելություն են վերագրել:
Սաակաշվիլիի ազգային պատկանելիության թեման նախագահության տարիներին միշտ տարածված է եղել: ԶԼՄ-ներում հնչեցրել է այն ենթադրությունը, որ Վրաստանի երրորդ նախագահը հայ է: Դեղին մամուլը չի բացառում, որ Սաակաշվիլին կարող է լինել հրեա կամ ադրբեջանցի: