18/02/2019 13:30
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար կարող է նշանակվել առնվազն 2 օտար լեզվի իմացությամբ, 5 տարվա աշխատանքային ստաժ և բարձրագույն կրթություն ունեցող անձը
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված է, որ Սփյուռքի նախարարությունը միացման ձևով կվերակազմակերպվի՝ միանալով վարչապետի աշխատակազմին՝ վարչապետի աշխատակազմում ստեղծելով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ:
Ըստ այդմ, վարչապետը՝
1) ապահովում է սփյուռքի հետ կապված քաղաքականությունը․
2) ապահովում է սփյուռքի հետ տարվող աշխատանքների միասնականությունը․
3) Գլխավոր հանձնակատարի և գրասենյակի գործունեության կազմակերպմանն առնչվող հարցերով ընդունում է որոշումներ, տալիս է հանձնարարականներ:
Նախագծում նշվում է, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնը պետական հայեցողական պաշտոն է, որը զբաղեցնող անձը ենթակա և հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին։
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին պաշտոնի նշանակում, պաշտոնից ազատում, արձակուրդ տրամադրում և նրա նկատմամբ խրախուսանքի միջոցներ կիրառում է Հայաստանի Հանրապետության վարչապետը։
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար կարող է նշանակվել առնվազն երկու օտար լեզվի իմացությամբ, հինգ տարվա աշխատանքային ստաժ և բարձրագույն կրթություն ունեցող անձը։