18/02/2019 13:44
Կա մեծ վտանգ՝ քաղաքական իշխանությունը փոխանցել մեկ մարդու. էլ ինչո՞ւ ենք կիսանախագահական համակարգ առաջարկում, միանգամից միապետականի գնանք. Շարմազանով
Կիսանախագահական համակարգը մեծ ռիսկեր է պարունակում թե ազգային անվտանգության, թե ժողովրդավարության զարգացման առումով, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով կիսանախագահական համակարգի անցնելու ՀԱԿ-ի առաջարկին։
«Կիսանախահագական համակարգում բազմաթիվ լիազորություններ, որ այսօր ունեն պառլամենտը, քաղաքական ուժերը, մասնավորապես, պառլամենտական ընդդիմությունը, անցնելու է համապատասխանաբար երկրի նախագահին», - ասաց նա։
Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ ազգային անվտանգության առումով առաջանալու է հակասություն։
«Պատկերացնո՞ւմ եք քաղաքական մեծամասնությունն ունի մեկ քաղաքական թիմ, որը, օրինակ, գտնում է, որ Հայաստանը պետք է շարունակի իր հարաբերությունների ամրապնդումը ՀԱՊԿ-ում, ու ընտրվում է մի նախագահ, որը ՀԱՊԿ-ից դուրս գալու կողմնակից է, այս հարցն ինչպե՞ս է լուծվելու», - ասաց Է. Շարմազանովը։
Նա հիշեցրեց Վենետիկի հանձնաժողովի դիտարկումը, ըստ որի՝ պառլամենտարիզմի, քաղաքական մշակույթի զարգացման, ժողովրդավարության զարգացման առումով պառլամենտական համակարգն ամենաշատ հնարավորություններն է տալիս։
«Կա մեծ վտանգ՝ քաղաքական իշխանությունը փոխանցել մեկ մարդու կամ՝ մեկ խմբի, սա շատ վտանգավոր է, էլ ինչո՞ւ ենք կիսանախագահական համակարգ առաջարկում, միանգամից միապետական համակարգի գնանք, էլ ինչո՞ւ ենք ձևականուություն անում», - ասաց Է. Շարմազանովը։
Նրա խոսքով՝ կիսանախագահական համակարգը հետընթաց է ժողովրդավարությունից։
«Եթե քաղաքական մեծամասնությունն ու նախագահը նույն քաղաքական թիմից չեն, ապա սա կարող է որոշումների կայացման վրա շատ բացասական ազդեցություն ունենալ։ Եթե իրենք ուզում են մեկ աձի շուրջ կազմակեպել ամեն ինչ, միանգամից թող առաջարկեին միապետական համակարգ։ Այս ամենը շատ անլուրջ է», - ասաց նա։