19/02/2019 17:55
Արազափ համայնքում զանգվածային գողության դեպքերից ոչ մեկը մինչ օրս չի բացահայտվել
Օրերս Արմավիրի մարզի Արազափ համայնքում տեղի ունեցած զանգվածային գողության դեպքերից ոչ մեկը մինչ օրս չի բացահայտվել, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Արազափի համայնքապետ Մանվել Հարությունյանը՝ հավելելով, որ գողության դեպքերը տեղի են ունեցել գիշերը։
Նա նշեց, որ թալանել են շուրջ 10 գյուղացիների պատկանող ավտոմեքենաների տարբեր պահեստամասեր՝ մարտկոցներ, փոխանցումատուփեր, մագնիտոֆոն, ինչպես նաև երկու սղոց։
«Երևի մի բրիգադ ցերեկով եկել, ման է եկել, տեսել է, որ դրսում ավտոմեքենաներ են կանգնած, գիշերը եղած-չեղածը հավաքել, տարել է։ Իրավապահները եկել են մեր գյուղ, տեսախցիկների տեսագրություններն են նայել, բայց առանձնապես ոչ մի բան չեն բացահայտել», - ասաց Մանվել Հարությունյանը։
Նա միաժամանակ վստահություն հայտնեց, որ գողերն իրենց գյուղից չեն, քանի որ Արազափում բոլորը բոլորին ճանաչում են, դռները բաց են քնում։ Համայնքապետի խոսքով, գողերն առնվազն մի քանի հոգով են եղել, որ կարողացել են այդքան արագ գործել։
«Բացառվում է՝ գողերը մեր գյուղից լինեն։ Արազափն այդպիսի գյուղ չէ, հաստատ խումբ է եղել», - ասաց Մանվել Հարությունյանը։
Ոստիկանությունից էլ մեզ փոխանցեցին, որ իրենց ունեցած հաղորդման համաձայն՝ ունեն գողության 3 գրանցված դեպք։ Մի դեպքում գողություն կատարվել է ավտոտնակից, մյուս դեպքում մեքենայից գողացել են էլեկտրական մարտկոցը, մեկ այլ մեքենայից էլ՝ փոխանցման տուփը։
Բոլոր երեք դեպքերով հետաքննություն է կատարվում, միջոցառումներ են իրականացվում հանցագործությունը կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ։