19/02/2019 18:11
Վարզադատ Կարապետյանն ու ՀՀ-ում ՌԴ դեսպանը քննարկել են տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների միջև համագործակցության հնարավորությունները
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը փետրվարի 19-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Զրուցակիցները քննարկել են գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները, հատկապես հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ռուսական շուկայում իրացման հնարավորությունները:
Կարևորվել է ոլորտում երկու երկրների գործարարների միջև կապերի ամրապնդման արդյունքում փոխգործակցության նոր ձևաչափերի ստեղծումը, ինչը հնարավորություն կտա գյուղատնտեսության բնագավառում պետական աջակցությունն ավելի առարկայական դարձնել. այն հայ ներդրողների համար լրացուցիչ ազդակ կլինի Ռուսաստանի Դաշնությունում շուկաների հստակեցման հարցում:
Քննարկվել են նաև տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների միջև համագործակցության հնարավորությունները:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում Կարելիայի նահանգապետի՝ Հայաստան այցի ընթացքում կազմակերպել գործարարների հանդիպումներ՝ հետագայում պայմանագրերի կնքման և ավելի սերտ առևտրային հարաբերությունների հաստատման նպատակով:
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ռուսաստանի խորհրդարանական հանձնաժողովների միջև կապերի զարգացմանը և փորձի փոխանակմանը: