19/02/2019 13:45
Քաղաքացին մաքսային կանոնների խախտմամբ փորձել է ոսկյա զարդեր ներկրել Հայաստան
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս «Բագրատաշեն» պետական սահմանային անցակետում զննման ենթարկելով Վրաստանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Մ.Մ-ին՝ նրա մարմնի տարբեր հատվածներից հայտնաբերել են ինքնակպչուն ժապավեններով փաթեթավորված յոթ փաթեթ՝ 649.6 գրամ ընդհանուր քաշով դեղնասպիտակավուն զարդերի պարունակությամբ, տեղեկացնում են ՊԵԿ լրատվական ծառայությունից։
Քաղաքացի Մ.Մ-ի հայտարարության համաձայն՝ դրանք ոսկյա զարդեր են։
Փաստի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն` ՀՀ Մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված մաքսային կանոնների խախտման հատկանիշներով։