19/02/2019 14:00
Սահմանադրական փոփոխությունների նպատակով Հովհաննես Մարգարյանի նախաձեռնած ստորագրահավաքին ոչ մի ստորագրություն չի հավաքվել
ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու նպատակով ԿԸՀ-ի արտոնած ստորագրահավաքի շրջանակներում ոչ մի ստորագրություն չի հավաքվել։ Նոր ստորագրահավաքի խնդրանքով մարտի սկզբին կրկին պատրաստվում ենք դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ստորագրահավաքի նախաձեռնող, նախկին ՕԵԿ-ական, ներկայումս «Արժանապատիվ ուղի» կուսակցության առաջնորդ Հովհաննես Մարգարյանը։
Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն Մարգարյանի դիմումը քննարկել էր դեռ 2018-ի դեկտեմբերի 27-ի արտահերթ նիստում։ Վերջինս խնդրել էր քաղաքացիական նախաձեռնության կարգով ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու նպատակով գրանցել նախաձեռնող խմբին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել էր դիմումը: ԿԸՀ որոշմամբ՝ առնվազն 200 000 քաղաքացու ստորագրության հավաքման համար ամրագրված 45-օրյա ժամկետ էր սահմանվել՝ 2018 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2019 թվականի փետրվարի 10-ը։
«Մինչև հունվարի 8-ը, հիշում եք, տոնական օրեր էին, և մենք 10 օրից ավելի կորցրինք։ Դրանից հետո դիմեցինք ՏԻՄ մարմիններին և տարածքային կառավարման մարմիններին՝ մասնավորապես Գյումրու քաղաքապետարան և Շիրակի մարզպետարան։ Հանրաքվեի մասին օրենքով սահմանված է, որ նախաձեռնող խմբի դիմումը ստանալուց հետո եռօրյա ժամկետում այդ մարմինները պարտավոր են համապատասխան տարածք և համայնքային ծառայող տրամադրել, որն էլ մեր ներկայացուցչի հետ համատեղ ստորագրությունները կհավաքեր։ Գյումրու քաղաքապետարանը, սակայն, 7 օր հետո պատասխանեց, որ ազատ տարածք չունի, իսկ մարզպետարանն էլ մեր դիմումն անհետևանք թողեց շուրջ 15 օր», - ասաց Հովհաննես Մարգարյանը։
Նա միաժամանակ տեղեկացրեց, որ վերոնշյալ մերժումները ստանալուց հետո իրենք դիմել են ՀՀ վարչապետին, որն էլ դիմումը մակագրել է Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին։ Առ այսօր, սակայն, նրանից պատասխան չի ստացվել։
«Մենք մինչև վերջ գնալու ենք, ՀՀ քաղաքացուն պետք է դարձնենք այս կարևոր գործընթացի մասնակից։ ԿԸՀ-ին զուգահեռ՝ դիմում կներկայացնենք նաև Ազգային ժողով՝ խնդրելով փոխելու Հանրաքվի մասին օրենքը։ Եթե այս օրենքը փոխվի, մենք կկարողանանք ստորագրահավաքն անցկացվնել փողոցում, հասարակական վայրերում։
Այս ժամանակ արդեն 200 հազար ստորագրության փոխարեն մեզ անհրաժեշտ կլինի 50 հազար ստորագրություն, մինչդեռ հայտնի է, որ և՛ 200 հազար և՛ 50 հազար ստորագրութուն հավաքելու համար 45 օրյա ժամկետ է սահմանված», - ասաց «Արժանապատիվ ուղի» կուսակցության առաջնորդը՝ հավելելով որ եթե իրենց մերժեն, իրենք պատրաստ են մերժող կառույցի շենքի դիմաց նույն օրն իսկ ստորագրահավաք սկսել։