20/02/2019 13:14
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ քննարկել է համագործակցությունը
Փետրվարի 19-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանին, տեղեկացնում են փոխվարչապետի գրասենյակից։
Զրուցակիցները կարևորել են հաստատված փոխգործակցության բարձր մակարդակը և համատեղ ծրագրերի իրականացման սահուն ընթացքի ապահովումը՝ ի նպաստ երկու հայկական պետությունների շարունակական զարգացման: Կողմերը համակարծիք էին, որ ոլորտային քաղաքականությունները և խոշոր ծրագրերը, որոնք իրականացվում են Հայաստանում և Արցախում, պետք է միմյանց հետ համադրելի ու համահունչ լինեն:
Քննարկվել են գյուղատնտեսության, տրանսպորտի և ենթակառուցվածքների, քաղաքաշինության, էներգետիկայի ոլորտներում համատեղ հետաքրքրություն ներկայացնող նախագծերի իրականացման հեռանկարները:
Տիգրան Ավինյանն ու Գրիգորի Մարտիրոսյանն անդրադարձել են նաև թվայնացման, պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման և կադրային քաղաքականության հարցերին: