20/02/2019 11:24
Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա. Էդուարդ Շարմազանով
Փաշինյանը կամ մոլորության մեջ է, կամ ինքն է ժողովրդին մոլորեցնում։ Երկու դեպքում էլ նա պետք է հեռանա, Facebook-յան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«1988թի փետրվարի 20-ը ոսկե տառերով է գրված հայ ժողովրդի նորագույն պատմության էջերում։
Այդ օրը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդական պատգամավորների խորհուրդը ընդունեց որոշում՝ միանալ Մայր Հայաստանին։
Նույն օրը Երևանում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք՝ ի պաշտպանություն արցախահայության արդար որոշման։
Այդ օրվանից անցել է ուղիղ 31 տարի և Արցախյան հիմնահարցը շարունակում է մնալ մեր հանրային ու քաղաքական օրակարգի կարևորագույն հարցը։
Նիկոլն ու իր իշխանությունը, ինչպես նաև նրա քաղաքական կնքահայր Տեր-Պետրոսյանը, հետևողաբար չեն ցանկանում նկատել, որ այս հարցի հայանպաստ լուծումից է կախված մեր հայրենիքի հետագա ճակատագիրը և կեղծ օրակարգեր են առաջ քաշում։
Հայաստանի պոպուլիստական իշխանությունը չունի որևէ լուրջ հայեցակարգ Արցախյան հարցում։ Ավելին, Դուշանբեի վերելակն ու Դավոսի նախապես չպլանավորված, պատահական հանդիպումը դրա ապացույցն են։
Նիկոլի իշխանությունն ի զորու չէ սթափ գնահատել իրավիճակը։ Դատեք ինքներդ։ ԱՄՆ դեսպան Միլսը ուղիղ և բաց տեքստով խոսում է տարածքներ խաղաղության դիմաց ձևակերպումից, Նիկոլն ասում է՝ հեռացող դեսպանի հայտարարություն է, Բոլթոնը Երևանում ուերձ հղում հայ հանրությանը, ասում է՝ հրաժարվեք ձեր պատմական կաղապարներից, Նիկոլը լռում է, Ալիևը շարունակաբար սպառնում է Արցախին և Հայաստանին, Նիկոլը նրան համարում է կիրթ և նորմալ անձնավորություն, ճիշտ այնպես, ինչպես Տեր Պետրոսյանը:
Այս ամենը իբր քիչ էր, գումարվում է Նոր տարվա օրերին զինվորի սպանության փաստի կոծկումը, ինչին հաջորդում է պաշտոնական աղբյուրների ցինիզմը՝ վերջին 10 ամիսներին ընդունված ոճով՝ չհայտնեը թաքցնելը չի:
Այս ամենը ցուց է տալիս, որ կամ Փաշինյանն ինքն է մոլորության մեջ, կամ ինքն է մոլորեցնւմ ժողովրդին: Երկու դեպքում է օրակարգային է դառնում նրա հեռացումը պետական բարձրագույն պաշտոնից:
Հ.Գ. Ազգային արժեքային համակարգի հենքի վրա քաղաքական լայն համախմբումն այլընտրանք չունի: Պոպուլիզմը պետ է տեղ չունենա իշխանության մեջ», - գրել է Շարմազանովը։