20/02/2019 14:19
ՀՀ վարչապետի բնակարանում շարունակում է ապրել նույն անօթևան ընտանիքը. Վլադիմիր Կարապետյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Երևանի Շենգավիթ վաչական շրջանում գտնվող բնակարանում շարունակում է ապրել այն նույն անօթևան ընտանիքը, որը նշված հասցեում բնակվում է դեռ անցած տարվա հուլիսից։ Aysor.am-ին այս մասին տեղեկացրեց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ հավելելով, որ սա գործադիրի ղեկավարի անձնական կյանքն է և ինքն այլ մանրամասների չի տիրապետում։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարական առանձնատուն տեղափոխվելուց հետո իր բնակարանը հատկացրել էր անօթևան ընտանիքի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը` Աննա Հակոբյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմել էր, որ այդ ընտանիքի անդամները դիմել էին իրեն մի քանի հարցով, որոնցից մեկը նաև բնակարանի խնդիրն էր:
«Այդ ընտանիքում ապրում է դաունի սինդրոմով 23 տարեկան տղա: Ընտանիքում տղամարդ չկա. տատիկն է, մայրիկը և երեխաները: Մայրիկը միայնակ է հոգում իրենց ապրուստը: Մինչ այս ապրում էին եկեղեցու հովանավորությամբ ինչ-որ բնակարանում, որի տերը որոշել էր վաճառել բնակարանը: Նրանց նոր բնակության վայր ապահովելու հրատապ կարիք էր առաջացել»,- ասել էր Աննա Հակոբյանը: