21/02/2019 11:36
ՀՀ ԱԳՆ-ն առաջարկում է «աղբյուրների» վրա հիմնված նյութերի հեղինակներին կապ հաստատել նախարարության հետ և ստուգել դրանց իսկությունը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է «Հրապարակ» թերթի տեղեկությունը, թե Վաշինգտոնը չեղարկել է նախարար Զոհրաբ Մնացականյանի նախատեսվող այցը ԱՄՆ:
«Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Թերթի՝ մեկ այլ հրապարակման հետ կապված նախկինում արդեն իսկ առաջարկել էինք այսպես կոչված «աղբյուրների» վրա հիմնված նյութեր հրապարակելիս, կապ հաստատել ԱԳՆ հետ և ստուգել դրանց իսկությունը: Մեր առաջարկը շարունակում է ուժի մեջ մնալ», - Aysor.am-ին ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
Նշենք, որ, ըստ իր աղբյուրների, թերթն այսօր գրել էր, որ այցի չեղարկման պատճառ է հանդիսացել «Բոլթոն-Փաշինյան հեռախոսազրույցը, որի ժամանակ Բոլթոնը հարցրել է՝ արդյոք Սիրիա առաքելություն ուղարկելու որոշումը վերջնական է և անբեկանելի՞, և դրական պատասխան է ստացել»։