21/02/2019 13:36
Եթե որևէ մեկը որոշել է իր պարգևավճարը նվիրաբերել «Իմ քայլին», ես դրանից տեղյակ չեմ. Աննա Հակոբյան
Առաջին անգամ եմ լսում, որ տարբեր գերատեսչությունների պարգևավճարների մեծ մասը ուղղվել են հիմնադրամին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը:
«Առաջին անգամ եմ նման բան լսում, բայց հաստատապես նման տեղեկություն չունեմ: «Իմ քայլը» հիմնադրամին 110 տարբեր կազմակերպություն և անհատ է նվիրատվություն արել, ու չգիտեմ՝ ովքեր են եղել: Եթե որևիցե մեկը որոշել է իր պարգևավճարը նվիրաբերել «Իմ քայլին», ես դրանից տեղյակ չեմ», - ասաց Հակոբյանը:
Դիտարկմանը, թե մամուլում եղել են հրապարակումներ, որ մարզպետներին ստիպել են իրենց պարգևավճարները փոխանցել հիմնադրամի հաշվեհամարին, Աննա Հակոբյանը ասաց, որ ինքն անձամբ մարզպետների մեծ մասին չի էլ ճանաչում ու նման հորդոր չէր կարող լինել:
Ավելի վաղ Աննա Հակոբյանը հայտարարել էր, որ անցյալ վեց ամսվա ընթացքում հիմնադրամ մուտքերը կազմել են 859 մլն 55 հազար դրամ: