21/02/2019 12:17
Հայաստանում օգտատերերի համակարգիչների գրեթե կեսը ենթարկվել է տեղային սպառնալիքների. Կասպերսկի Լաբորատորիա
Հայաստանում օգտատերերի համակարգիչների գրեթե կեսը կամ 47,78 %-ը 2018 թվականին ենթարկվել է տեղային սպառնալիքների, իսկ 2017 թվականին այդ ցուցանիշը կազմել է 43,92 %, այս մասին հաղորդագրություն է տարածել «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունը։
Ադրբեջանում նման տեղային գրոհների 2018 թվականին ենթարկվել է օգտատերերի համակարգիչների կեսից ավելին կամ 50,08 %-ն այն դեպքում, երբ մեկ տարի առաջ դրանց բաժինը կազմել է 46,97 %, իսկ Վրաստանում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 34,01 % և 31,77 %։ Այդ մասին վկայում են «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալները։
2018 թվականին գոնե մեկ վնասաբեր ծրագիր հայտնաբերվել է միջին հաշվով 35,06 % համակարգիչներում, կոշտ սկավառակներում կամ հանովի կրիչներում, իսկ 2017 թվականին՝ 36,8 %-ում։
Տեղային սպառնալիք են համարվում այն օբյեկտները, որոնք համակարգիչ են թափանցել ֆայլերի կամ հանովի կրիչների (ֆլեշ-կրիչներ, ֆոտոխցիկների և հեռախոսների հիշողության քարտեր, արտաքին կոշտ սկավառակներ) վարակման ճանապարհով կամ ի սկզբանե համակարգչում են հայտնվել ոչ բաց տեսքով (օրինակ՝ բարդ ինստալյատորների պարունակած ծրագրեր, ծածկագրված ֆայլեր և այլն)։ Բացի այդ, վերոնշյալ վիճակագրական տվյալները ներառում են այն օբյեկտները, որոնք օգտատերերի համակարգչում հայտնաբերվել են հակավիրուսային ծրագրով համակարգի առաջին ստուգումից հետո։
Փորձագետները նշում են, որ, չնայած ամպային ծառայությունների հասանելիությանը և դրանց միջոցով համատեղ աշխատանքի հնարավորությանը, օգտատերերը շարունակում են ակտիվորեն օգտագործել հանովի կրիչներ։ Տեղային սպառնալիքներից պաշտպանվելու համար օգտատերերը պետք է հնարավորության սահմաններում խուսափեն հանովի կրիչներով աշխատանքից, և եթե դա խիստ անհրաժեշտ է, դրանք և ներբեռնվող բարդ ինստալյատորները (և ցանկացած այլ ֆայլ կամ արխիվ) միշտ պետք է ստուգել հուսալի հակավիրուսով։ Նաև անհրաժեշտ է համակարգչում անջատել հանովի կրիչներից ֆայլերի ավտոմատ գործարկման գործառույթը։