21/02/2019 14:27
Որևէ բան անգիր չեմ սիրում հիշել. Արայիկ Հարությունյանը՝ Թումանյանի քառյակը թղթից կարդալու մասին
Որևէ բան անգիր չեմ սիրում հիշել, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն՝ անդրադառնալով Դսեղում Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ նրա քառյակներից մեկը թղթից կարդալուն:
«Ես որևէ բան անգիր չեմ սիրում հիշել։ Ինձ համար տարօրինակ է, որ այդ ամբողջ հրաշալի կազմակերպված միջոցառման մեջ թերթից կարդալը որևէ խնդիր է առաջացրել։ Ես էլի եմ ասում՝ կան մարդիկ, որոնք անգիր չեն սիրում ասել կամ չեն հիշում», - ասաց Արայիկ Հարությունյանը։
Նա նշեց, որ ունի ռուսական կրթություն։
«Եվ հիմա ինչո՞ւ եմ ես պայքարում ազգային դպրոցի ու հայալեզու կրթության համար, որովհետև այդ թվում նաև իմ բացասական փորձառությունից եմ ասում, որ շատ վատ է դասավանդվել մեր դպրոցում հայ գրականությունը և հայոց լեզուն ու դրա համար եմ հիմա հայալեզու դպրոցների համար պայքարում, որպեսզի անգիր ասելուց այլևս մեր աշակերտներն ու մեր ապագա քաղաքացիները խնդիր չունենան», - ասաց ԿԳ նախարարը։