21/02/2019 11:57
Բարձր ենք գնահատում հայ զինծառայողների մասնակցությունը ՆԱՏՕ-ի հովանու ներքո Վրաստանում անցկացվող զորավարժություններին. Վրաստանի ՊՆ
Բարձր ենք գնահատում հայ զինծառայողների մասնակցությունը Վրաստանում անցկացվող զորավարժություններին, այսօր Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին ասաց Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան:
«Ես գնահատում եմ հայ զինծառայողների մասնակցությունը Վրաստանում անցկացված «Վեհանձն գործընկեր-2018» և «Արագաշարժ ոգի» զորավարժություններին: Հուսով եմ, որ հայկական կողմը կշարունակի ներգրավվել ուսումնական զորավարժություններին», - ասաց Վրաստանի պաշտպանության նախարարը՝ հիշեցնելով, որ դրանք անցկացնում են ՆԱՏՕ-ի հովանու ներքո ու գործընկերների ներգրավմամբ:
Ինչ վերաբերում է հայ-վրացական համագործակցության նոր ոլորտներին, Վրաստանի պաշտպանության նախարարը նշեց, որ պայմանավորվածություն կա համագործակցել պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման ուղղությամբ:
«Վրաստանը պատրաստ է այս ոլորտում իր փորձը կիսել», - ասաց Վրաստանի պաշտպանության նախարարը: