21/02/2019 13:42
Կառավարությունը թույլատրեց մաքսային տարածքներում գտնվող աջ ղեկով ավտոմեքենաները ՀՀ տարածք ներմուծել մինչև մայիսի 1-ը
Կառավարությունը այսօր ընդունեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Նախագիծը ներկայացնող Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը նշեց, որ նախկին նիստին վաչապետի դիտարկումնեից հետո ճշգրտումներ արվել են և նախագծի ընդունման դեպքում հնարավորություն կընձեռնվի ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, ինչպես նաև այն աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, որոնց ձեռք բերման համար վճարումները կատարվել են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը, ՀՀ տարածք ներմուծել մինչև 2019 թվականի ապրիլի 1-ը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ այս խմբաքանակի ներմուծումից հետո աջակողմյան ղեկով մեքենաների ներմուծման հարցին էլ չեն անդրադառնալու:
«Պայմանը մեկն է, որ այս թեմային այլևս երբեք չենք անդրադառնալու», - ասաց նա:
Հակոբ Արշակյանը հավելեց, որ սա վերաբերում է այն մեքենաներին, որոնք գնվել են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ այս տարվա գնված մեքենաները չեն կարողանալու ներմուծել:
Նրա խոսքով՝ պատուհան են սահմանել մինչև ապրիլի մեկը ներմուծելու համար:
Վարչապետը ապրիլի մեկի հետ կապված դիտարկումներ ներկայացրեց, և առաջարկեց այդ ամսաթիվը դարձնել մայիսի մեկը:
«Մայիսի մեկը ռեալ կլիներ», - ասաց նա:
Փախվարչապետ Մհեր Գրիգորյանը նկատեց, որ իզուր կոռուպցիոն ռիսկ են գեներացնում այն դեպքում, որ պետք է փաստաթղթով հիմնավորվի՝ գնվել է մինչև դեկտեմբերի 31-ը։
Նա առաջարկեց եզրույթ սահմանել, որ նախագիծը վերաբերի այն մեքենաներին, որոնք ներմուծվել են:
Վարչապետը նկատեց, որ օրենքը հասնում է կառավարություն և այդ հարցերը նիստին են պարզվում։
Հակոբ Արշակյանն էլ արձագանքեց, որ մեքենան Ճապոնիայից ներմուծելու համար երկու ամիս պետք է, եթե նույնիսկ փաստաթղթերը կեղծվեն, ինչը նա չի կարծում, թե կկեղծվի, բերելու դեպքում չեն հասցնի, քանի որ մեքնենան մայիսի մեկից հետո է հասնելու և չեն կարողանալու ներմուծել:
Վարչապետը կատակեց, թե կոռումպացված չինովնիկների համար սա կարող են համարել խայծ, թակարդ:
«Կոռումպացված չինովնիկներ, մինչև մայիսի մեկը կոչ ենք անում ակտիվ լինել», - կատակեց նա:
Այսպիսով՝ որոշում կայացվեց ներմուծման ամսաթիվը դարձնել մայիսի մեկ։