21/02/2019 12:40
Զինվորի հացի հարցն է լուծվում, և վայ նրան, որ այս պրոցեսում որևէ այլ մոտիվացիայով կառաջնորդվի. Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում Պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղարիբյանը ներկայացրեց Փորձնական ծրագիր իրականացնելու և գնման գործընթացը կազմակերպելու մասին որոշման նախագիծը։
Նա նշեց, թե անհրաժեշտ է երեք ընկերության մասնակցություն, սակայն այս պահին արդեն արձագանքել է երկու ընկերություն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքեց, որ այս նախագծի նպատակն է զինված ուժերի սննդի ապահովմանը հատկացված միջոցները առանց ավելացնելու մի քանի անգամ բարձրացնել սննդի որակը:
«Նպատակը շատ լավն է, և այն գործընկերները, որոնք պետք է ներգրավվեն, պետք է պարտավորություն ունենան կապիտալ նորոգման ենթարկել ճաշարանները, սննդի որակի, մատակարարման և անվտանգության մակարդակը բարձրացնել, պաշտպանել աշխատատեղերը՝ նույն մարդկանց ներգրավելով վերապատրաստումների միջոցով», - ասաց նա:
Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ չեն անում այս ծրագիրը մրցույթով, Փաշինյանն ասաց, որ պաշտպանության նախարարը բաց հայտարարությամբ հանդես է եկել և փոխնախարարից հետաքրքրվեց, թե հիմա այս մեխանիզմներով պոտենցիալ մտահոգությունները հաղթահարե՞լ են, թե՞ բաց կա:
Մակար Ղամբարյանը նշեց, որ պետություն-մասնավոր գործընկերության մեջ ռիսկերի բաշխման, մանրամասն քննարկման կարիք կա և երկու կողմերն էլ պետք է քննարկեն իրենց իրավունքներն ու պարտականությունները:
«Դա բանակցայն գործընթաց է ենթադրում, և մասնավորը ապահովություն պետք է ունենա իր ներդրումների համար, իսկ գնումների գործընթացը այդ կարգավորումները չի տալիս», - ասաց նա՝ ավելացնելով, որ գնումների մասին օրենքի փոփոխությունները շրջանառության մեջ են:
Նախարարի տեղակալը նշեց, որ մրցակցային պայմաններ ապահովելու հիմնական պայմանը հավասար հնարավորություններ տալն է:
«Մեխն այնտեղ է, որ չսահմանափակել պոտենցիալ հնարավոր մասնակցողի մասնակցելու հնարավորությունը, մենք կարծում ենք՝ ապահովել ենք դա և ծրագիրը կոչել ենք փորձնական», - ասաց նա:
Վարչապետն ընդգծեց, թե խնդիրը այն է, որ չունեն ձևակերպված այն խնդիրը, որ ուզում են լուծել:
«Այս փորձի միջոցով պետք է վեր հանենք բոլոր պարամետրերը, որոնք անհաժեշտ են մրցույթի համար: Հաջորդ խնդիրը այն է, որ վերջին ամսիներին բախվել ենք, որ շատ մրցույթներ, ըստ էության, փակուղու են բերել, քանի որ մի քանի ընկերություն է մասնակցել, հաղթել է մի ընկերություն, այնուհետև պարտվող ընկերությունը հաղթողին դատի է տվել և մատակարարաման պրոցեսները դե յուրե կանգնեցվել է», - ասաց Փաշինյանը և կարևորեց գնումների մասին բարեփոխումները։
Ֆինանանսերի նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ իր հերթին արձանագրեց, որ նախաձեռնել են փոփոխություններ՝ չնայած դա միանվագ նախաձեռնություն չէ:
«2002 թվականին է առաջին օրենքը ընդունվել և հաճախ պարզ չի եղել քննադատությունը վերաբերո՞ւմ է կարգավորումներին, թե՞ դրանց կիրառմանը: Վերջին նախաձեռնությունը անցած տարվա ամռանն է եղել», - ասաց նա։
Վարչապետը նշեց, որ պետք է բացառեն այս հարցում կոռուպցիոն ռիսկերը և օր առաջ զինվորների սննդի որակի հարցը լուծեն, քանի որ այս ոլորտում թեև արել են բացահայտումներ, բայց դրանից իրականությունը չի փոխվել:
«Եթե հին մեխանիզմի փոխարեն նորը չես դնում, հինը հենց այդպես դիզայն արված աշխատում է: Իհարկե, փոփոխություններ արվել են, բայց այդ փոփոխությունները շրջադարձային համարել չի կարելի և այս հարցով նպատակն է ապահովել շրջադարձային փոփոխություն, որ բոլորը կընդունեն հեղափոխական փոփոխություն զինվորների համար», - ասաց նա:
Վարչապետը ընդգծեց, որ առանձնահատուկ պատասխանատվություն է դրվում այս նախագծով Պաշտպանության նախարարության վրա՝ առավել թափանցիկությամբ գործընթացը լինի և չզուգակցվի որևէ կոռուպցիոն սկանդալով, ինչի համար պետք է առանձնահատուկ մեխանիզմներ մտածել:
«Զինվորի հացի հարցն է լուծվում, և վայ նրան, որ այս պրոցեսում որևէ այլ մոտիվացիայով կառաջնորդվի», - ասաց նա: