22/02/2019 13:30
Էջմիածնի քաղաքապետը դատարանում անձամբ կպաշտպանի իր իրավունքները
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը մասնագիտությամբ իրավաբան է և դատարանում իր իրավունքները կպաշտպանի անձամբ։
Aysor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ֆեյսբուք սոցիալական ցանցում իր հասցեին վիրավորական արտահայտություններ թույլ տված Կարինե Մարտիրոսյան անունով օգտատիրոջը դատի տալու որոշմանը, Դիանա Գասպարյանը նշեց, որ անձնապես չի ճանաչում նշված օգտատիրոջը, վերջինիս հետ որևէ առնչություն չի ունեցել։
Հարցին՝ ե՞րբ է մտադիր դատարան հայց ներկայացնել, Էջմիածնի քաղաքապետը պատասխանեց, որ սահմանված հստակ ժամկետներ կան, և ինքը կշարժվի ըստ ընթացակարգերի։
Նաև հետաքրքրվեցինք՝ բացի հրապարակային ներողությունից, իրեն վիրավորած օգտատիրոջից ի՞նչ չափի դրամական փոխհատուցում է պահանջելու։
«Ես դա չեմ կարող ասել։ Օրենքը նախատեսում է նվազագույն աշխատավարձի մինչև հազարապատիկը», - պարզաբանեց Դիանա Գասպարյանը՝ հավելելով, որ նույն օգտատիրոջից վիրավորական արտահայտություններ պարունակող նոր գրառման այլևս չի հանդիպել։
Հիշեցնենք, որ Կարինե Մարտիրոսյան անունով օգտատիրոջ դեմ դատական հայց ներկայացնելու մասին Էջմիածնի քաղաքապետը ավելի վաղ գրառում էր կատարել ֆեյսբուքի իր էջում՝ տեղեկացնելով, որ ստացած դրամական փոխհատուցումը, մինչև վերջին լուման, պատրաստվում է ուղղել Էջմիածին քաղաքի մանկապարտեզներին:
«Այսուհետ վիրավորանքի և զրպարտության բոլոր դեպքերով անխտիր դիմելու եմ դատական պաշտպանության՝ փոխհատուցման գումարները դարձյալ ուղղելով բարեգործության: Որքան շատ լինեն նման դեպքերը, այնքան շատ գումար կուղղվի մեր մանկապարտեզներին, այնպես որ, կարող եք շարունակել նույն ոգով», - գրել էր Դիանա Գասպարյանը։