22/02/2019 19:18
Նպատակս էր ներկայացնել մեր չեմպիոններին ոչ թե իրենց նվաճումներով, այլ՝ որպես մարդ. Յուրի Ալեքսանյանի նոր գիրքն արդեն հասանելի է. տեսանյութ
Այսօր Ավետիք Իսահակյանի գրադարանում մթնոլորտը մարզական էր. Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի նախագահ Յուրի Ալեքսանյանը հանրությանը ներկայացրեց իր հեղինակած «Մարզական լրագրողի հուշերից» գիրքը:
Երեք մասից բաղկացած գիրքը՝ «Չեմպիոններ», «Վաստակաշատ երախտավորներ», «Խճանկար», պատմում է համաշխարհային սպորտի բարձունքները նվաճած հայաստանցի մարզիկների մասին: Սպորտի վաստակավոր գործիչ Լևոն Սամվելյանի խոսքով՝ դա լրագրող-հեղինակի 40 և ավել տարիների աշխատանքի արդյունքն է, որտեղ կան ոչ միայն հուշեր, այլև՝ փիլիսոփայություն, մանկավարժություն, հոգեբանություն, օլիմպիական դաստիարակություն և հումանիտար նշանակություն ունեցող շատ ու շատ պատմական իրադարձություններ:
Բացման խոսքում հեղինակը նկատեց՝ հաճախ է լսել, որ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող ապագա լրագրողները, և ընդհանրապես՝ լրագրողները, չեն ճանաչել մեր Օլիմպիական չեմպիոններին:
«Նպատակս մեկն է եղել՝ ներկայացնել մեր չեմպիոններին ոչ թե իրենց նվաճումներով, այլ՝ որպես մարդ, ինչպիսի՞ն են կյանքում, առօրյայում», - ընդգծեց Յուրի Ալեքսանյանը:
Ինչպես հեղինակը նշեց՝ ոչ բոլոր Օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնների պատմություններն են տեղ գտել իր առաջին գրքում, հենց այդ պատճառով էլ այն կունենա նաև երկրորդ հատոր:
Շնորհանդեսին ներկա էին Հայաստանի մարզական պատմությունը կերտած վաստակաշատ մարզիկներ ու լրագրողներ, որոնցից յուրաքանչյուրը անդրադարձավ գրքին ու հեղինակին:
Բանախոսների շարքում էին Հայաստանի մարզական լրագրության հիմնադիրներից 88-ամյա Միսաք Նազարյանը, տեխնիկական գիտությունների թեկնածու Կառլեն Ալեքսանյանը, մարզական լրագրող Գևորգ Մարիկյանը, Հայաստանի կանանց «Հատիս» բասկետբոլի թիմի նախկին ավագ, ԽՍՀՄ կանանց հավաքականի, Եվրոպայի և աշխարհի առաջնությունների բազմակի չեմպիոն, «Բարեկամություն» մրցաշարի հաղթող Անահիտ Սարգսյանը, կինոգետ Ռոբերտ Մաթոսյանը և այլ:
Գիրքը տպագրվել է 300 օրինակից, ինչը, ըստ ներկաների, ավելացման անհրաժեշտություն ունի:
Մանրամասն՝ տեսանյութում