22/02/2019 16:48
Բոլորովին դրա ժամանակը չէ, որովհետև մենք պատրաստ չենք այդ փոփոխությունները կատարելուն. մշակութաբանը՝ օրհներգի փոփոխության մասին
Հայաստանի Հանրապետության և՛ զինանշանը, և՛ օրհներգը փոփոխության կարիք ունեն, բայց ոչ հիմա, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մշակութաբան Կարինե Հակոբյանը։
«Հիմա, հենց այս պահին այդ հարցը բարձրացնելը շատ արհեստական է, բոլորովին դրա ժամանակը չէ, որովհետև մենք պատրաստ չենք այդ փոփոխությունները կատարելուն։ Ե՛վ հասարակությունը, և՛ իշխանությունը պատրաստ չեն դա անելու», - ասաց նա։
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, հիշեցնենք, անդրադարձել է ՀՀ օրհներգի փոփոխությանը՝ նշելով, որ հայտարարում է օրհներգի տեքստի մրցույթ: Նա նշել է, որ իր կողմից ստեղծվել է աշխատանքային խումբ, որը մրցույթ է հայտարարում՝ Արամ Խաչատրյանի երաժշտության վրա տեքստ գրել, ապա երկու ամսվա ընթացքում կամփոփվեն արդյունքները և կընտրվի մեկ տարբերակ:
«Որպեսզի մենք կարողանանք այդ փոփոխությունն անել, մենք ինքներս պետք է մեզ ճանաչենք, ազգային ինքնաճանաչողության խնդիր կա՝ մշակույթի միջոցով։ Դրան հասնելու համար պետք է ոչ թե մշակույթի նախարարություն փակել, այլ պետք է այն հզորացնել, կատարելագործել», - ասաց մշակութաբանը՝ արհեստական օրակարգ համարելով այս պահին օրհներգի փոփոխության հարցը։
Մինչդեռ, ըստ Կարինե Հակոբյանի, զինանշանի շտկումներն օր առաջ պետք է անել.
«Բազմիցս է խոսվել այդ մասին, շղթայված, կոտրված թուր և այլն. դա բացասական սիմվոլիկա է։ Կոսմետիկ փոփոխությունները գոնե պետք է արվեն, մինչև մենք կհասունանանք, կլինենք այն հասարակությունը, որ կարող է փոխել, այդ ժամանակ կարելի է հիմնական փոփոխության հարցը բարձրացնել»։
Կարինե Հակոբյանն ասում է, թե շատ զարմանալի է, որ այդպիսի կոպիտ սխալներով զինանշանի հարցը չի քննարկվում, փոխարենը քննարկվում է միայն օրհներգի հարցը։ Նրա խոսքով՝ այն տպավորությունն է, որ պարզապես ուշադրություն են շեղում: Ինչ վերաբերում է Մշակույթի նախարարության օպտիմալացմանը, Կարինե Հակոբյանն ասաց.
«Մեր վերաբերմունքը մշակույթին երևում է, թե մենք ինչ կարգավիճակ ենք տալիս այն պետական կառույցին, որը պետք է համակարգի մշակույթի ոլորտը։ Կառուցվածքային այդ փոփոխությունները բոլորովին հիմնավորված չեն»։