22/02/2019 16:30
Հարուստներին ունեզրկելու գործընթացում գլոբալ առումով ռիսկեր կան. Արտակ Մանուկյան
Գործարարներին և հարուստներին ունեզրկելու գործընթացում գլոբալ առումով ռիսկեր կան, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը՝ անդրադառնալով օրեր առաջ իր գործընկերոջ՝ պատգամավոր Հովիկ Աղազարյանի կողմից բարձրաձայնված այն մտքին, որ խոշոր գործարարներին և մեծահարուստներին պետք է 70 տոկոսով ունեզրկել։
Նա միաժամանակ հիշեցրեց, որ խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցությունում 88 պատգամավոր կա և տեսականորեն կարելի է 88 տարբեր միտք ակնկալել։
«Թե ինչքանով են այդ մտքերն ամրապնդված, այն էլ այն աստիճան, որ մենք դրանց մասին խոսենք, դժվար է ասել։ Դրանք պետք է կոնկրետություն ստանան, այլապես ամեն մեկը կարող է տարբեր մտքեր հայտնել։ Իմ կարծիքով, քանի որ մեծահարուստների և գործարարների ունեզրկման գաղափարը դեռ միս ու արյուն չի ստացել, դժվար է կոնկրետ ինչ-որ բան ասել։ Նախ, պետք է հասկանանք՝ ինչու պետք է ունեզրկումը 70, ոչ թե 60, 50 կամ 40 տոկոս կազմի», - նշեց Արտակ Մանուկյանը։
ԱԺ պատգամավորի խոսքով՝ քննարկման առանձին առարկա են նաև չափանիշները, թե որ գույքն է համարվում ապօրինի, որը՝ օրինական ճանապարհով ձեռք բերված։
«Գնահատականներն այստեղ, կարծես, դատական մարմինները պետք է տան», - նշեց Արտակ Մանուկյանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ 5-րդ ալիքի եթերում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասել էր, որ մեծահարուստները պետք է հայտարարագրեն իրենց ունեցվածքն ու հիմնավորեն դրա ծագումնաբանությունը: Ըստ նրա՝ եթե ցանկացած մեծահարուստ գործարար չկարողանա հիմնավորել իր բիզնեսի 70 տոկոսի ծագումնաբանությունը, ուրեմն այն պետք է տա պետությանը։
ԱԺ նախկին պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանն Աղազարյանի հայտարարության առնչությամբ նշել էր, որ իշխանությունը կամ չի պատկերացնում իր պատգամավորի կողմից ասվածի վտանգավորությունը, կամ նրա շուրթերով հնչեցնում է իր առաջիկա ծրագրերը։
Վարդանյանն իր հոդվածում գրել էր, որ այս գաղափարի իրականացումը կամ իրականացման փորձերը կամայացնեն Հայաստանի տնտեսությունը։ Երկիրը կկանգնի տնտեսական կոլապսի առաջ։ Չի լինի ակտիվ գործարար միջավայր, չեն լինի ներդրումներ։