22/02/2019 11:25
Արտակ Զեյնալյանը մանրամասներ է պատմել «Նուբարաշեն»-ում կալանավորի մահվան դեպքից
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում փետրվարի 21-ին ինքնասպանության միջոցով մահացած կալանավորը նախկինում երկու անգամ դատապարտվել ու պատիժը կրել է, այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային քննարկման ժամանակ հայտարարեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։
«Անձը, որը ինքնասպանություն է գործել, եղել է կարանտինի մեջ, առանձին խցում նույն հոդվածով մեղադրվող մեկ այլ անձի հետ։ Հոգեբանները աշխատելիս են եղել նրա հետ, մինչև վերադարձել են մյուսը արդեն անշնչացած է եղել։ Այդպիսի դեպքեր լինում են, անցած տարի էլ էր եղել։ Իհարկե, ցավալի է», - հայտարարեց Զեյնալյանը։
Նույն հոդվածով, այսինքն՝ անչափահասին բռնաբարելու համար մեղադրվող երկու անձին միևնույն խցում պահելը նախարարի խոսքով, ի սկզբանե կանխարգելիչ բնույթ է ունեցել։ «Երկուսն էլ նույն տիպի հանցագործության մեջ մեղադրվող անձինք էին, որպեսզի մեկը մյուսի վրա ճնշում չգործադրի։ Գիտեք՝ հետապնդվում են նման մեղադրանքով անձինք։ Կանխատեսվել է դա՝ կանխարգելելու նպատակով», - ասաց նախարարը։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ փետրվարի 21-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկից ահազանգ է ստացվել առ այն, որ ՔԿ հիմնարկի 1-ին մասնաշենքի 10-րդ խցում հայտնաբերվել է ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով մեղադրվող (տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ բռնաբարություն), 54-ամյա Մ.Պետրոսյանի դին՝ պատուհանի ճաղավանդակից կախված վիճակում: