22/02/2019 13:24
2015-ի ՔՊ հիմնարար փաստաթղթում գրված է՝ 25 տարուց պետք է ՀՀ բնակչության թիվը կրկնապատկվի. սա Սերժ Սարգսյանին գերազանցել է. Կիրո Մանոյան
ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը ճիշտ չի համարում, որ Սփյուռքի տարբեր կառույցների հետ քննարկում չեղավ նախարարության լուծարման վերաբերյալ որոշում կայացնելուց առաջ:
«Մինչև նախարարության լինելն էլ բարձրաձայնել ենք, որ անհրաժեշտ է, որպեսզի լինի Սփյուռքի հետ հարաբերվող պետական մեկ կառույց: Սա չի նշանակում, որ Սփյուռի նախարության արածներին համաձայն էինք, բայց նախարարության առհասարակ վերացումը գտնում ենք ոչ ճիշտ», - ասաց Մանոյանը «Հայաստան-Սփյուռք․ հարաբերությունների փոփոխություն, աշխատանքային նոր ձևաչափ» թեմայով քննարկման ժամանակ:
Անդրադառնալով Սփյուռքի նախարարության փոխարեն ՀՀ վարչապետին կից հանձնակատարի պաշտոնով ստեղծելուն՝ Մանոյանն ընդգծեց՝ հայտնի չէ, թե ինչ ֆունկցիաներ է կատարելու և ինչ առաքելություն է ունենալու տվյալ անձը:
«Հարցը հետևյալն է՝ հանձնակատարը վարչապետի հանձնարարություններն է կատարելու, թե՞ ինքը հանձրարություններ է տալու նախարարներին, բայց այդ ո՞վ՝ բացի վարչապետից, կարող է նախարարներին հանձնարարություններ տալ», - ասաց Մանոյանը:
Խոսելով կառավարության ծրագրում հայրենադարձության և այն կարգավորող մարմնի մասին՝ Մանոյանը նկատեց՝ դեռևս 2015-ից «Քաղաքացիական պայմանագրի» հիմնարար փաստաթղում նշվել է, որ 25 տարուց ՀՀ բնակչությունը պետք է կրկնապատկվի, բայց դրան ուղղված քայլեր այսօր կառավարության ծրագրում չկան:
«2015 թվականի ՔՊ հիմնարար փաստաթղթում գրված է, որ 25 տարուց պետք է Հայաստանի բնակչության թիվը կրկնապատկվի: Սա Սերժ Սարգսյանին գերազանցել է, ով 4 մլն-ի մասին էր խոսում: 20 տարուց պետք է կրկնապատկվի, բայց այսօրվա կառավարության ծրագրում ոչ մի բան չկա դրա մասին: Հայտնի չէ՝ Սյուռքի նախարարությունը պետք է զբաղվի դրանով, թե ոչ», - ասաց նա: