22/02/2019 13:15
Կառավարության ծրագրում Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հարցին վերաբերող ինստիտուցիոնալ լուծում չկա. Վարդան Մարաշլյան
Հեղափոխությունից հետո սփյուռքը մեծ վստահություն ունի կառավարության նկատմամբ, «Հայաստան-Սփյուռք․ հարաբերությունների փոփոխություն, աշխատանքային նոր ձևաչափ» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանը:
Անդրադառնալով Սփյուռքի նախարարության փոխարեն ՀՀ վարչապետին կից հանձնակատարի պաշտոնով փոխարինելուն՝ նա ընդգծեց, որ նախ պետք է ճիշտ ընտրվի աշխատանքային ձևաչափը և ձևավորվի նոր տեսլական:
«Հեղափոխությունից հետո սփյուռքը մեծ վստահություն ունի այս կառավարության նկատմամբ, և պահը պետք է ճիշտ օգտագործվի Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացման համար: Այսօր արտակարգ հնարավորություններ կան, բայց ինստիտուցիոնալ լուծում է հարկավոր», - նշեց նա:
Մարաշլյանի խոսքով՝ պետք է հստակեցվեն նաև սփյուռքի հարցերով զբաղվող մարմնի ֆունկցիաները: Նա ընդգծեց, որ մի քանի կառույց չի կարող զբաղվել Սփյուռքի նախարարության տարբեր հարցերով:
«Կառավարության ծրագրի մեջ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հարցին վերաբերող ինստիտուցիոնալ լուծում չկա: Մինչև հիմա չկա հայրենադարձության մասին օրենք», - ասաց նա՝ ընդգծելով, որ հայերնադարձությունն այն հարցը չէ, որը պետք է բաժանել տարբեր նախարարությունների միջև:
Նրա խոսքով՝ պետք է նախ հստակ սահմանել՝ ով է հայրենադարձը և նրան վերաբերող ինչ ֆունկցիաներ է պետությունն իր վրա վերցնում: