22/02/2019 17:49
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նախագահում է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստը
Մոսկվայում մեկնարկել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը, որը նախագահում է Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքային այցով գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, տեղեկացնում են փոխվարչապետի գրասենյակից։
Նիստի ընթացքում, մասնավորապես, քննարկվելու են Եվրասիական տնտեսական միության տարածքում հեռանկարային ինտեգրացիոն նախագծերի առաջարկներ և երրորդ երկրների հետ փոխադարձ առևտրի գործընթացում տեխնիկական խոչընդոտների վերացման հարցեր։
Ի թիվս այլ հարցերի՝ խորհրդի նիստի օրակարգում են Սերբիայի և Սինգապուրի հետ ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրերի վերաբերյալ, ինչպես նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության միջև ապրանքների և միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման շուրջ բանակցությունների ընթացքը:
ԵԱՏՀ խորհրդի նիստին քննարկվելու է նաև մի շարք ապրանքների՝ երրորդ երկրից ներկրման դեպքում մաքսատուրքերի ժամանակավոր վերացման հարցը: