22/02/2019 18:47
Այս տարվա հուլիսից խանութներին կարգելեն անվճար պոլիէթիլենային տոպրակներ տրամադրել
Բնապահպանության նախարարությունը մշակել է օրենսդրական փաթեթ, որի համաձայն, այս տարվա հուլիսի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը և 2020-ի հունվարի 1-ից կսահմանվի հատուկ հարկ։ Ըստ նախնական հետազոտության, այս միջոցառումը կբերի տոպրակների օգտագործման կտրուկ նվազեցմանը, իսկ 2022-ին նրանց վաճառքը Հայաստանում կարգելվի։
Մասնավորապես, «Հարկային օրենսգրքում» կատարված փոփոխություններով առաջարկում է նոր բնապահպանական հարկի ավելացում, պոլիէթիլենային պարկերի և տոպրակների իրացման նվազագույն 100 դրամի սահմանում՝ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների օգտագործման ծավալները նվազեցնելու նպատակով։ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրված նախագծով, առաջարկվում է սահմանել նոր բնապահպանական հարկ, դրա վճարողները, հարկման օբյեկտը, հարկման բազան, դրույքաչափը, հաշվարկման կարգը։
Բացի այդ, նույն փաթեթում է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է արգելել առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում վաճառողի կողմից թաղանթի մինչև 100 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվողների և երկրորդային հումքից արտադրվածների) օտարումը։ Նշված դրույթն ուժի մեջ կմտնի 2023 թվականի հունվարի 1-ից։
Օրենսդրական փաթեթի հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանում առևտրի և սպասարկման ոլորտներում պոլիէթիլենային տոպրակների լայն կիրառումը հանգեցրել է բնապահպանական խնդիրների առաջացման: Շրջակա միջավայր արտանետված պոլիէթիլենային փաթեթները երկար ժամանակ պահպանվում են և չեն ենթարկվում կենսաբանական քայքայման, որի հետևանքով դրանք առաջացնում են կայուն աղտոտվածություն: Պոլիէթիլենային տոպրակների օգտագործման միջին ժամանակահատվածը 10-15 րոպե է, իսկ բնության մեջ դրա քայքայման համար անհրաժեշտ է ավելի քան 100-400 տարի:
Ըստ որոշ ուսումնասիրությունների՝ հանրապետությունում պլաստիկ թափոնները կազմում են կենցաղային թափոնների ծավալի ավելի քան 30%-ը: Հայաստանում խնդիրը բարդանում է նաև նրանով, որ աննշան են պլաստիկ հումքի վերամշակման ծավալները, որի արդյունքում պլաստիկ թափոնների հիմնական մասը կուտակվում է աղբավայրերում և շրջակա միջավայրում:
Նշվում է նաև, որ օգտագործված պոլիէթիլենային փաթեթներով և դրանց մնացորդներով աղտոտված է Հայաստանի Հանրապետության գետերի հիմնական մասը, հանգստավայրերին և զբոսաշրջության վայրերին կից տարածքները: Հանրապետությունում արտադրվող և ներկրվող պոլիէթիլենից փաթեթների ողջ քանակությունն ի վերջո հանգրվանում է բնության մեջ և նույնիսկ աղբավայրերում դրանք շարունակում են վնաս պատճառել շրջակա միջավայրին։ Արևի ազդեցությամբ և ինքնայրման հետևանքով արտազատում են դիօքսին և ֆուրան գազեր:
Իրավիճակը պայմանավորված է նաև հասարակության բնապահպանական մշակույթի անբավարար ձևավորմամբ, և այս նախաձեռնությամբ նախատեսվում է տնտեսական լծակների միջոցով փոխել սպառողի վարքագիծը, ինչը սպառողին կստիպի օգտագործել այլընտրանքային (էկոլոգիական տեսանկյունից անվտանգ), բազմակի օգտագործման պարկեր և տոպրակներ:
Խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շուրջ 120 երկիր արդեն իսկ ընդունել են ազգային իրավական կարգավորիչ միջոցներ՝ պլաստիկ թափոնների կառավարման, մասնավորապես դրանց նվազեցմանը նպաստող տնտեսական գործիքների (բնապահպանական հարկեր, վճարներ, նվազագույն գնի սահմանում և այլն) կիրառմամբ:
Ըստ վիճակագրական տվյալների՝ Հայաստանի Հանրապետություն 2013-2015 թվականներին ներմուծվել է մոտ 16 տոննա պոլիէթիլենային փաթեթ, հանրապետությունում արտադրվել է՝ 8.149,1 տոննա։ 2017-2018 թվականներին ներմուծվել է 18.059,6 տոննա էթիլենի պոլիմերներ՝ սկզբնական ձևերով։ Հայաստանի Հանրապետությունում փաթեթավորման համար պոլիէթիլեն արտադրողներ հիմնական ընկերությունները 4-ն են։
Բնապահպանության նախարարությունը նաև շահագրգիռ անձանց ու կազմակերպություններին մարտի 5-ին հրավիրում է նախարարություն քննարկումների։