23/02/2019 10:08
«Ժողովուրդ». «Իմ քայլը» խմբակցությունը աշխատասենյակների բաշխումն օրիգինալ ձևով է իրականացրել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, «Իմ քայլը» խմբակցությունը որոշել էր աշխատասենյակների բաշխումն օրիգինալ ձևով իրականացնել, և վիճակահանությամբ են որոշել, թե որ պատգամավորը որ աշխատասենյակում կլինի: Իհարկե, խոսքը չի վերաբերում ԱԺ նախագահին, փոխնախագահներին, խմբակցության ղեկավար-քարտուղարին և հանձնաժողովների նախագահներին. նրանց դեպքում աշխատասենյակները հստակ են: Իսկ, ահա, մյուս պատգամավորների դեպքում գործել է վիճակահանության տրամաբանությունը: Սակայն հետաքրքիր է, որ, ամեն դեպքում, եղել են պատգամավորներ, որոնք փոխել են իրենց աշխատասենյակը: Օրինակ` «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը սկզբնական շրջանում տեղավորվել էր նոր մասնաշենքի աշխատասենյակներից մեկում, որը նախորդ գումարման խորհրդարանում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանինն էր:
Սակայն երեկ «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը նկատեց, որ նրա աշխատասենյակն այժմ «Իմ քայլի» պատգամավոր Արեն Մկրտչյանինն է, իսկ Գաբրիելյանը տեղափոխվել է այլ աշխատասենյակ: Տեղեկացանք, որ պատճառը նաև այն հանձնաժողովներն են, որոնց անդամ են հանդիսանում նշված պատգամավորները, և նրանք տեղափոխվել են այդ հանձնաժողովների նախագահների աշխատասենյակների հարևանությամբ գտնվող աշխատասենյակներ: Միևնույն ժամանակ, նկատենք, որ երկար ժամանակ չէր լուծվում Հովհաննես Իգիթյանի աշխատասենյակի հարցը:
Բանն այն է, որ, ընդհանրապես, հանձնաժողովների նախագահներն ու փոխնախագահները նստում են միևնույն սենյակում, սակայն տարբեր աշխատասենյակներում: Սակայն Հովհաննես Իգիթյանի աշխատասենյակը հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբենյանի հետ նույն սենյակում չէ: Բանն այն է, որ այդտեղ արդեն իսկ աշխատում էին հանձնաժողովի փորձագետները, և որոշում է կայացվել Իգիթյանին այլ աշխատասենյակ տալ»: