23/02/2019 14:24
Հարկադիր մորթի հետևանքով վերացված գլխաքանակները վերականգնելու համար տարիներ են պետք գալու. Բերբերյան
Վերջին մեկ տարում հանրապետությունում մորթվել է 67 հազար մանր, 60 հազար խոշոր եղջերավոր կենդանի, որոնցից 30 հազարը՝ կթու կով, Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը՝ անդրադառնալով ՌԴ-ից և Բելառուսից մեծաքանակ ներկրումների պատճառով տեղական մսի էժանացմանը և գյուղացու՝ աստիճանաբար անասնապահությամբ զբաղվելուց հրաժարվելու հնարավորությանը։
«Եթե գլխաքանակի անկում է նկատվում, դա կոչվում է հարկադիր մորթ։ Այսինքն՝ գյուղացին տեսնում է, որ ներկրված էժան մսի ֆոնին իմաստ չունի եղջերավոր կենդանիների գլխաքանակը պահել։ Այս քաղաքականությունն իր հերթին բերում է, որ մարդիկ գյուղերից թողնում-հեռանում են։ Եթե բերել էժան միսը լցրել են մեր շուկաները, գյուղացին ի՞նչ պետք է անի. պետք է իր բուծած անասունը մորթի։ Բելառուսական ներկրված մսամթերքը մեր տնտեսությանն է վնասում։ Կառավարությունը պետք է մտածի այս մասին, Գյուղատնտեսության նախարարությունը պետք է մտածի, բայց երևի նրա համար են այդ նախարարությունը փակում, որ էլ չմտածեն», - ասաց մեր զրուցակիցը։
Հրաչ Բերբերյանի խոսքով` անասնապահության ոլորտում խնդիրները հրատապ են, քանի որ հարկադիր մորթի հետևանքով վերացված գլխաքնակաները վերականգնելու համար տարիներ են պետք։
«Հույս էլ չունեմ, որ կառարավարութունը կքննարկի այս հարցը, որովհետև գյուղատնտեսության մասնագետ ընդհանրապես չկա», - ասաց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահը։
Նրա խոսքով` անհանգստանալու այլ առիթ է ներկրված էժան մսի որակը։
«Հնարավոր է՝ այն Չեռնոբիլի գոտուց լինի, որովհետև աղետը Բելառուսի վրա ևս ազդել է։ Սա այն պետությունը չէ, որի արտադրանքի որակին կարելի է վստահել», - նշեց Հրաչ Բերբերյանը։