02/03/2019 12:58
Հետո չասեք, թե սա ճնշում է մամուլի վրա. Արայիկ Հարությունյանը հերքում է Աննա Հակոբյանի հիմնադրամին առնչվող տեղեկությունը
Կրթության, գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հերքում է մամուլում հրապարակված տեղեկությունը, որ ինքը հրահանգել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հիմնադրամին դպրոցների կողմից գումարներ փոխանցելու մասին տեղեկությունը պահել դպրոցների ներսում։
«Կատարյալ զրպարտություն, որի համար մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն: Ու խնդրում եմ հետո չգրել, թե սա ճնշում է մամուլի վրա», - իր ֆեյսբուքյան էջում գրել է նախարարը։
Նկատենք, որ «Փաստ» թերնք այսօր գրել էր. ««Փաստ» թերթի տեղեկություններով՝ դպրոցների և ընդհանրապես կրթական հաստատությունների նվիրատվությունների գործում առանցքային դերակատարում է ունեցել ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: Բանն այն է, որ մի շարք կրթական հաստատություններ ցանկություն են հայտնել մասնակից դառնալ հիմնադրամին կատարվող նվիրատվություններին, ինչը, բնականաբար, առանց նախարարի իմացության և թույլտվության չի եղել:
Վերջինս տվել է իր համաձայնությունը, սակայն, մեր աղբյուրի պնդմամբ, ներքին կարգով հորդորել է Երևանի քաղաքապետարանի ու մարզպետարանների կրթության վարչությունների պետերին, որ դպրոցների տնօրեններին խիստ հրահանգավորեն, որ այդ տեղեկատվությունը դպրոցներից դուրս չգա և հանրային քննարկման առարկա չդառնա»: