04/03/2019 10:53
Հետևողական ենք լինելու քաղաքապետի հետաքրքրության տիրույթում գտնվող քանդման ենթակա շինությունների ճակատագրի նկատմամբ. Սամսոնյան
Եթե այս շենքն արդեն քանդված չլիներ, միգուցե մենք փորձեինք հանդիպել երևանի քաղաքապետի և գլխավոր ճարտարապետի հետ, բայց երբ շենքն արդեն քանդված է, այլևս ի՞նչ խոսենք, պետք է գան, քարերը դնեն իրար վրա՞, Խորենացի 13 հասցեում քանդման ենթակա շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց Քաղաքացիական գիտակցություն ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը:
Նրա խոսքով՝ ինքը սպասել է, որ մշակութային ու քաղաքական գործիչներ, ինչպես նաև իրավապաշտպաններ կգան ու բողոքի ձայն կբարձրացնեն շենքի քանդման կապակցությամբ, սակայն՝ ապարդյուն: Նարեկ Սամսոնյանի խոսքով՝ այդ գործիչներից շատերն այժմ ռեժիմի ստրուկ են:
«Մեր ակցիայի նպատակը հենց դա ապացուցելն է: Եթե մենք ցանկանայինք, այս ակցիան կանեինք ավելի բազմամարդ, ավելի ռադիկալ, օրինակ, տրակտորի դիմացը կփակեինք: Կամ Րաֆֆի Հովհաննիսյանին զանգեինք, գար խփեր այս երկաթներին, Զառա Հովհաննիսյանին կարող էինք համոզել՝ գար, այստեղ ջութակ նվագեր, բայց մենք հատուկ սպասեցինք», - ասաց նա:
Նարեկ Սամսոնյանի խոսքով՝ իրենք այսուհետ ևս ուշադիր և հետևողական են լինելու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետաքրքրության տիրույթում գտնվող, քանդման ենթակա շենք-շինությունների ճակատագրի նկատմամբ:
«Ասում են՝ Հայկ Մարությանն ինչ բիզնես շահ պետք է ունենա, խիստ սխալվում են: Բայց ասեմ, որ հարուստ մարդիկ ավելի շատ են կաշառք վերցնում, օրինակ, 250 հազար դոլար, 150 հազար դոլար, 300 հազար դոլար: Մանիպուլյացիաներին էլ ենք ուշադրություն դարձնելու, ամեն ինչին, ինչը կապված է Հայկ Մարությաննի գործունեության հետ, որովհետև այս վանդալիզմը հաստատ շարունակություն է ունենալու», - ասաց ակտիվիստը:
Նարեկ Սամսոնյանը միաժամանակ նշեց, որ քաղաքապետարանի՝ Խորենացի 13 հասցեում տեղակայված շենքի հարցով տարածած պարզաբանումը ծիծաղելի և անլուրջ էր, որովհետև գործող իշխանությունները ամեն վատ երևույթ «գցում են» նախկին իշխանությունների վրա:
Հիշեցնենք, որ նշված հասցեում, ըստ քաղաքապետարանի տեղեկացման, լինելու է բիզնես կենտրոն՝ ավտոկայանատեղիով: