04/03/2019 12:52
Խոսակցություններ կան, որ ցանկություն ունեն լուծարել Շիրակի պետական համալսարանը. Գագիկ Համբարյան
Շիրակի պետական համալսարանում ռեկտորի առաջին անկախ և թափանցիկ ընտրությունները, ցավոք, տապալվեցին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՇՊՀ դասախոս Գագիկ Համբարյանը։
50+1 տոկոս ձայն թեկնածուներից որևէ մեկը չի հավաքել։ Ռեկտորի թեկնածու Անդրանիկ Սարգսյանը ստացել է 8, իսկ Լուսինե Ֆլջյանը՝ 6 ձայն, 9 քվեարթերթիկ էլ անվավեր է ճանաչվել:
Ընտրության տապալման պատճառներից մեկն, ըստ Համբարյանի, այն է, որ կրթության և գիտության փոխնախարար Լուսինե Առաքելյանը, ով նաև հոգաբարձուների խորհրդի անդամ է, իրեն շատ զարմանալի է պահել։
«Ամբիոնից թեկնածուներից մեկի դեմ բացահայտ ելույթ ունեցավ՝ նրան մեղադրելով ԿԳ նախարարի և Ազգային ժողովի նախագահի անուններն «օգտագործելու» մեջ, իբր նա նրանց «դաբրոն» ունի, սակայն տիկինը որևէ ապացույց չներկայացրեց։ Հետագայում, առանձին զրույցում փոխնախարարն ասաց, թե բոլոր ապացույցներն ունի, բայց եթե նա ուներ այդպիսիք, ճիշտ կլիներ, որ դահլիճի ներկայությամբ ասեր», - ասաց դասախոսը։
Գագիկ Համբարյանի խոսքով՝ զարմանալի էր հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի պահվածքը, ով ռեկտորի թեկնածուներից մեկին՝ Լուսինե Ֆլջյանին, մեղադրել է գրագողության մեջ։
Դասախոսն ասաց, թե այս ամենը կտրուկ ազդեցություն է ունեցել ընտրությունների արդյունքների վրա. «Պետք է նշեմ, որ տիկին Ֆլջյանն, այսպես ասած, ապշահար վիճակում էր այդ ամենից և չկարողացավ իրեն պաշտպանել այնպես, ինչպես կարելի էր»։
«Ես բազմաթիվ անգամներ նշել եմ, որ Շիրակի պետհամալսարանում ուժեղ դիրքեր ունի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանը, ում և ենթարկվում էր հոգաբարձուների խորհրդի՝ բուհից ընտրված անդամների մեծ մասը։ Սրա վառ արդյունքն հենց այդ անվավեր քվեներն էին։ Սահակ Մինասյանի կողմնակիցները երբեք էլ չեն թաքցրել, որ իրենք դեմ են, որպեսզի բուհում տեղի ունենան ընտրություններ։ Կրթության և գիտության նախարարությունն էլ այդքան էլ շահագրգռված չէ, որ Շիրակի պետական համալսարանը ռեկտոր ունենա։ Ստացվեց, որ ընտրությունները տապալվեցին», - ասաց Համբարյանը։
Նրա խոսքով՝ շատ զարմանալի էր ընտրություններից հետո ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի ելույթը.
«9.5 ամիս լինելով ռեկտորի պաշտոնակատար՝ որևէ քայլ չի ձեռնարկել բուհում բարոյահոգեբանական մթնոլորտը կարգավորելու կամ ամենակարևորը՝ բուհի հավատարմանագրման գործընթացը սկսելու առումով։ Սերոբյանը հայտարարել է, որ եթե ռեկտորի ընտրություններ են տեղի ունենալու, ապա դրանք թող լինեն հավատարմագրումից հետո, մինչդեռ նա ոչինչ չի արել հավատարմագրման համար»։
Դասախոսն ասաց նաև, որ Գյումրիում բազմաթիվ են խոսակցությունները, որ ռեկտորի ընտրությունները տապալելու գլխավոր նպատակն այն է, որ Շիրակի պետհամալսարանը լուծարեն։
«Խոսակցություններ են պտտվում, որ ցանկություն ունեն ՇՊՀ-ն լուծարել, Գյումրիում գտնվող հայաստանյան 4 բուհի մասնաճյուղերը միավորեն լուծարված ՇՊՀ-ի հետ և ստեղծեն նոր համալսարան, իսկ ռեկտորին նշանակեն իշխանությունների կողմից հովանավորվող մեկին», - եզրափակեց Գագիկ Համբարյանը։