04/03/2019 13:49
Ուղղակի բիրտ ձևով քանդեցին, այլևս ոչինչ անել հնարավոր չէ. Ճարտարապետների միության նախագահը՝ Խորենացի 13 հասցեի ֆասադի մասին
Պարտադիր չէ, որ Խորենացի 13 հասցեի շենքը լիներ ճարտարապետական տեսակետից արժեքավոր ճակատներ ունեցող շենքերի ցանկում, որ չքանդվեր, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը։
«Ցանկերից շատ բաներ են հանվել, և սա այն դեպքն է, որ կարող է շինությունը տվյալ ցանկում չլինի, բայց ուշադրության արժանանա։ Վերջին հաշվով մնացել էր մի ֆասադ, և դա կարելի էր ներառել նոր կառուցվող շենքի մեջ», - ասաց Մկրտիչ Մինասյանը։
Շենքը, հիշեցնենք, ապամոնտաժվել է 2004 թվականին, պահպանվել է կառույցի միայն ճակատային մասը, որը, ըստ Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության, ճարտարապետական տեսակետից արժեքավոր ճակատներ ունեցող շենքերի կազմում ընդգրկված չէ:
Քաղաքապետարանից նաև պարզաբանել են, որ շենքի մասնավորեցումից հետո սեփականատերերը ճակատային հատվածի պահպանում չեն նախատեսել:
«Ես լսեցի, որ ներդրողը չի ուզեցել դա անել՝ հաշվի առնելով, որ մի քիչ թանկ կարող է լինել։ Դրա համար էլ մենք զրկվում ենք մեր արժեքներից։ Ես համարում եմ, որ դա արժեք ունեցող բան էր, որովհետև ոչ միշտ ենք կարողանում պահպանել։ Սա էլ այդ դեպքերից մեկն է», - ասաց Մինասյանը։
Ճարտարապետների միության նախագահն ասաց, թե որևէ քննարկում չի եղել ճարտարապետների հետ Խորենացի 13 հասցեու մ գտնվող ֆասադի քանդման վերաբերյալ։
«Այս պահին որևէ բան անել, մինևնույն է, չենք կարող, ինչ պետք է անենք այս դեպքում, երբ այդ ֆասադը քանդեցին երկու օրում։ Կարելի էր քննարկել, բացատրել դրա անհրաժեշտությունը, չարեցին, ուղղակի բիրտ ձևով քանդեցին։ Շարունակվում է այն, ինչ մինչ հիմա շատ վատ ազդեցություն էր թողել մարդկանց վրա։ Վերջին հաշվով մարդիկ ցանկանում են պահել իրենց հիշատակները, սա էլ դրանցից մեկն էր», - նշեց Մ. Մինասյանը։
Միության նախագահի խոսքով՝ ներդրողները պետք է մի կարևոր բան անեն. բացի նրանից, որ իրենց օգուտները ունենան, պետք ունենան նաև քաղաքի նկատմամբ վերաբերմունք, իսկ դա նրանց պետք է հարկ եղած դեպքում պարտադրի քաղաքապետարանը։
Քաղաքապետարանը և գլխավոր ճարտարապետը, Մինասյանի խոսքով, պետք է բացատրեին ներդրողին, որ սա այն դեպքերից մեկը չէ, որ լրիվ հետքը կորցնեն։
«Եվ այդ ներդրողները, որոնք լինում են և՛ դրսից, և՛ ներսից, ընդհանրապես հաշվի չեն առնում քաղաքի շահերը», - եզրափակեց խոսքը Մինասյանը։