04/03/2019 15:46
Դավիթ Տոնոյանը կոչ է արել միջազգային կառույցներին հետամուտ լինել հակամարտող կողմերի` անազատության մեջ գտնվող քաղաքացիական ու զինվորական անձանց իրավունքների իրացմանը
Մարտի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջակումպուլուսին, տեղեկացնում են ՊՆ լրատվական ծառայությունից։
Հանդիպումը նպատակաուղղված էր զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության իրավական և ինստիտուցիոնալ մեխանիզմների, այս ոլորտում Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության քննարկմանը:
ՀՀ պաշտպանության նախարարը Եվրոպայի խորհրդի պատվիրակին ներկայացրել է զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանն ուղղված տարատեսակ նախաձեռնությունները: Դավիթ Տոնոյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում միգազգային մարդասիրական իրավունքի նորմերի ու պահանջների պահպանման անհրաժեշտության վրա, կոչ անելով միջազգային կառույցներին հետամուտ լինել հակամարտող կողմերի` անազատության մեջ գտնվող քաղաքացիական ու զինվորական անձանց արդար դատաքննութան իրավունքի իրացմանը:
Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև Հայաստան-Եվրոպայի խորհուրդ համագործակցության օրակարգային այլ հարցեր: