05/03/2019 14:06
Եթե բանակում կան մահվան դեպքերի, փաստերի կոծկումներ, դա հետընթաց է ունեցած իրավիճակից. Գորգիսյան
Կարծում եմ՝ համապատասխան հանձնաժողովում արժի այդ հարցը բարձրացնել, լրագրողների հետ զրույցում ասաց ԼՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ ՊՆ և ՊԲ-ն չեն հայտնել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում զոհված զինծառայողների մասին։
«Քաղաքացիական հասարակության միջամտության արդյունքում մենք հասել էինք նրան, որ բանակում շատ թափանցիկ պրոցեսներ էին գնում։ Հիմա եթե կան նման դեպքերի, փաստերի կոծկում կամ չհրապարակում, դա հետընթաց է ունեցած իրավիճակից», - ասաց նա։
Գորգիսյանն ընդգծեց, որ ինքն առաջարկելու է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահին հրավիրել պաշտպանության նախարարին և հարց-պատասխան կազամկերպել հանձնաժողովի անդամների հետ, որպեսզի այդ դեպքերն ուսումնասիրվեն և պաշտպանության ոլորտում թափանցիկությունն ապահովվի։
Հարցին՝ արդյոք ինքը միտում տեսնում է, որ իշխանությունները միտումնավոր են թաքցնում բանակում մահվան դեպքերը, Գորգիսյանն ասաց.
«Չեմ կարող հիմա այդ հարցին պատասխանել, որովհետև չեմ լսել իշխանություն պարզաբանումները»։
Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունն ի պատասխան լրատվամիջոցներից մեկի հարցման, հայտնել էր, որ հունվարի 1-ից փետրվարի 20-ը ԶՈւ-ում ու ՊԲ-ում զինծառայության հետ կապված 3 մահվան դեպք է գրանցվել, իսկ 4 մահվան դեպք գրանցվել է ծառայության հետ չկապված հանգամանքներում։